Հարկային եկամուտների հետ կապված մենք բավական բարձր աճեր ունենք ու ծրագրից էլ առաջանցիկ ենք գնում, դա նշանակում է այն երևույթները, որոնք որ դուք հնչեցնում եք, դրանք փոքր դեր ունեն ընդհանուր մեջ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ անդրադառնալով NEWS.am—ի դիտարկմանը, որ վերջին շրջանում ընդդիմադիր հայացք ունեցող մարդկանց բիզնեսների հետ կապված գործընթացներ իրականացվեցին, կապարակնքվեցին այդ բիզնեսները, արդյոք խնդրահարույց չէ, որ այդ բիզնեսներն այսօր չեն աշխատում։
«Իհարկե, եթե լինի մի իրավիճակ, որ օրինակ ոչ օբյեկտիվ և անհամաչափ գործողություններ լինեն հարկ վճարողի հանդեպ, ցանկացած տիպի հարթակ գոյություն ունի դրա համար՝ սկսած մինչև ՊԵԿ-ի բողոքարկման հանձնաժողովից։ Տվյալ դեպքում ենթադրաբար դատական համակարգում հնարավոր է այդ հարցը քննարկել, բայց եթե խոսքը այնպիսի դեպքերի մասին է, որտեղ օբյեկտիվ է ստվերի բացահայտումը, և ես ձեզ վստահեցնում եմ բազմաթիվ դրվագներով, այնքան հստակ են այդ պարտավորությունների չափերը։
Իսկ կապարակնքման ցուցումը գալիս է քրեական գործի շրջանակներում։ Մենք պոտենցիալ հարկային հանցագործության հետ կապված հաղորդում ենք ներկայացնում, և մենք մեր հաղորդումների որակի վրա վստահ ենք։
Մեր գործողությունները տվյալ իրավիճակում կախված են, թե մեզ ինչ է հանձնարարվում, օրինակ, գույքագրում։ Գույքագրումը կարող է տևել օրեր, կարող է տևել շաբաթներ, կարող է ամսից էլ անցնի։ Ձգձգման գնահատականը, թե ինչքան երկար է տևում, մեր մասով դիտավորություն չկա, այլ հարց է, որ տվյալ գործի շրջանակներում կախված հնարավոր հանցանքի մակարդակից, որոշվում են ժամկետներ, որոշվում են լրացուցիչ գործողություններ, որոշվում են հեռավար գործողություններ և այդպես շարունակ»,–ասաց նա։
Հարցին՝ եթե չկա քաղաքական հրահանգ, ինչու Ծառուկյանի բիզնեսները չեն բացվում այսքան երկար ժամանակ, ՊԵԿ նախագահը հավաստիացրեց, որ չկա նման հրահանգ. «Առանձին կազմակերպությունների մասով կոռեկտ չի, որպեսզի ես արտահայտվեմ, թե յուրաքանչյուրում ինչ խնդիր է եղել, որովհետև կա քննություն, քննության շրջանակներում կպարզվի։
Էդ, որ ասում եք՝ բա ինչի այս մի ընկերությունում չի եղել (հարցը վերաբերում էր 88 սուբերմարկետների ցանցին–խմբ), ես ասել եմ, որ բազմաթիվ ստուգումներ եղել են, բազմաթիվ բացահայտումներ եղել են, վճարվել են։ Չկա որևէ կաշկանդվածություն»։
Ինչ վերաբերում է նրան, որ նույն 88 ցանցին մեղադրում են դեմպինգի մեջ, ընդ որում, ասում են՝ ՊԵԿ-ի հետ համագործակցված են գործել, գնացել են տարբեր խանութներ, համոզել են, որ էժանով ծախսեն, եթե չեն համաձայնվել, ՊԵԿ–ի աշխատակիցները իրենց կապերով ուղարկել են, գնացել ստուգումներ են արել, Էդուարդ Հակոբյանն ասաց. «Ես ամենաբարձր մակարդակով ասում եմ, որ մեր կողմից նման բան չկա, որևէ մեկը չի կարող մեզ զանգել, ասել, օրինակ, այսինչը այսպես անենք, այնինչը այնպես անենք։ Որևէ տեսուչ էլ, որ այդպիսի հարցերի մեջ ներգրավված կլինի, ես խնդրում եմ, անունը ասեք կամ առանձին դիմեք, գրավոր դիմեք, մենք այդ հարցով շատ կոշտ կզբաղվենք»։
Լրագրողները նկատեցին, որ երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրների հասցեին հայտարարեց՝ դուք բոմժ եք դառնալու, դրանից հետո սկսեցին փակվել Գագիկ Ծառուկյանին, նաև Ռոբերտ Քոչարյանին պատկանող բիզնեսները, և դրանք ուղեկցվեցին նկարահանումներով, ՊԵԿ նախագահն ասաց. «Այն բոլոր գործերը, որոնք դուք տեսնում կամ լսում եք, դրանք տարբեր ժամանակների գործեր են։ Մենք նույնիսկ տարբեր բիզնեսներով հաղորդում էլ ենք ունեցել այդ ժամանակ տրված։
Այլ հարց է, որ քրեական գործերը ինչ-որ պահի ինչ-որ հասունության են հասնում և կարող է կրիտիկական իրավիճակում գործողությունները ավելի կոշտ լինեն, բայց դրա մեկնաբանությունը ես չեմ կարող տալ։ Ինձնից մի պահանջեք դա։ Օրինակ, գործ կա, երկու-երեք տարի քննություն է անցնում, մինչև հասնում է ինչ-որ հասունության ու ինչ-որ գործողություններ են լինում։ Դդեպք կա՝ 6 ամիս, դեպք կա՝ մի տարի։ Ես ասում եմ այն փորձառությունից, որը մենք ենք ունեցել»։











