Դե հիմա կարող է մեկ տառի տարբերություն լինել, ես հասկանում եմ՝ էժան մարդիկ փորձում են թանկ մարդկանց միջոցով որոշակի դիտումներ ապահովել։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը՝ անդրադառնալով իր տարածած տեսանյութին, որտեղ Ստեֆան Ցվայգի փոխարեն ասել էր «Ստեֆանո Ցվայգ»։
«Հիմա գիրք կարդալը իմ կարծիքով շատ արդիական է և ֆեյսբուքյան ընկերները խորհուրդ են տալիս կարդալ։ Կոնկրետ այդ գիրքը նոր եմ սկսում կարդալ, բայց մինչև հիմա կարդացած գրքերը շատ հետաքրքիր էին։ կարդացել են «Վանականը, որը վաճառեց իր ֆերրարին» գիրքը, շատ հրաշալի գիրք էր և ուսուցողական։ Նրա մասին էր, որ հարստությունը և փողը այդքան կարևոր չի երջանիկ լինելու համար։
Գիրք ես կարդացել եմ, կարդում եմ և կարդալու եմ, ուղղակի էս ֆորմատն ավելի հետաքրքիր է, ավելի հետաքրքիր գրքեր են առաջարկում»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը կոշիկները մաքրելու տեսանյութ է տարածում, ՔՊ–ական պատգամավորն ասաց. «Ես դրա նպատակը չգիտեմ, հարցի հասցեատերը ես չեմ, բայց այն, որ իր ամեն ինչը բաց է, թափանցիկ է, դա լավ է։ Լավ կլինե՞ր, որ օրինակ, Մոնակոյում կազինոյում լիներ, ոչ մի բան էլ չհրապարակեր։ Ինքը որևիցե այնպիսի բան չի անում, որ կարելի է թաքցնել, չհրապարակել։ Շատ հրաշալի բան է գնալ քաղաքացիների հետ խաշի մասնակցել, գնալ մեկի տունը, եթե հրավիրեն սուրճ խմելու»։
Դիտարկմանը, որ եթե վարչապետը լողանալու ռիլ տարածի, ավելի շատ դիտումներ կունենա, Նարեկ Մկրտչյանն ասաց. «Հիմա մեզնով մարդիկ փորձում են լայքեր ու դիտումները ապահովել»։











