Փաշինյանը կալանավորում է Սամվել Կարապետյանին, որ մեզ հետ առևտուր անի. Նարեկ Կարապետյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ու Սամվել Կարապետյանի թիմակիցները, աջակիցներն այս պահին ՊԵԿ քննչականի դիմաց են, սպասում են, որ այստեղ կբերեն Սամվել Կարապետյանին։
Մինչ այդ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց. «Ի՞նչ է տեղի ունեցել, ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ ու մինչ այդ Հայաստանի կառավարության ղեկավարը հայտարարում է, որ փորձելու է համոզել մեզ՝ ընդդիմությանը, որ ալիևյան Սահմանադրությունը գնա հանրաքվեի։ Դրան ի պատասխան մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք։ առաջին, Հայաստանի Հանրապետությունը ԹՐԻՓՓ ճանապարհը, որ տալիս է Ադրբեջանին անցնելու համար, վաղաժամ է, քանի որ խաղաղության պայմանագիրը դեռ չի հաստատվել։ Երկրորդ, Տիգրանաշենն ու այլ տարածքներ չպետք է հանձնվեն Ադրբեջանին, երրորդը, որ ամենաաառանցքային հարցերից մեկն է, Սահմանադրությունն է։ Մենք գիտենք, որ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ Սահմանադրությունը պետք է փոխվի, ուզում են ասել, թե մենք ոնց ապրենք, մեր նիստ ու կացնը ոնց պետք է լինի, որ մենք թույլ լինենք»։
Խորհրդարանական ընդդիմության ղեկավարի խոսքով, Ալիևը պահանջում է ոչ թե փոխել Հայաստանի Սահմանադրությունը, այլ զրոյից նոր Սահմանդրություն գրել։
«Քանի դեռ Ալիևը զգում է, որ մենք զիջում ենք, նա չի կնքելու խաղաղության համաձայնագիր։ Ես ձեզ վստահեցնում եմ, ինչքան զիջելու համը նա զգաց, մեզ հետ խաղաղության համաձայնագիր չի կնքելու։ Մեր առաջարկն է ցույց տալ, որ մենք էլ զիջելու տեղ չունենք։ Հայաստանի թշնամին չի կարող մեզ հրամայել, որ մենք փոխենք Սահմանադրությունը»,-ասաց ընդդիմադիր գործիչը։
Ի պատասխան «Ուժեղ Հայաստանի» այս դիրքորոշմանը, ըստ Նարեկ Կարապետյանի, Փաշինյանը ցանկանում է ևս մեկ անգամ կալանավորել Սամվել Կարապետյանին։
«Երկորրդ անգամ է իր բախտը փորձում, մի անգամ էլ էր փորձել, չէր ստացվել Եկեղեցու հետ կապված։ Հիմա փորձում է Սահմանադրության հետ կապված, որպեսզի առևտուր անի մեզ հետ, ասի՝ ազատ արձակում, դրա դիմաց Սահմանադրության հանրաքվեի հնարավորություն տրվի։ Մենք ասում ենք, մեր արժանապատվությունից ցածր է ալիևյան սահմանադրությունն անցկացնել Հայաստանում։ Չի կարող։ Մեր ժողովուրդը պետք է որոշի, երբ է փոխում, ոնց է փոխում։ Ինչքան պետք է կնստենք»,-ընդգծեց Կարապետյանը։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։
Այս առնչությամբ ՔԿ–ից NEWS.am—ին հայտնել են. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»։
Ավելի ուշ ՔԿ–ն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ ՀԷՑ-ին պատճառվել է 64,5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի և 35 անձի նկատմամբ, նրանք ձերբակալվել են։











