Պետք է հստակ արձանագրենք, որ այստեղ ընթացող որևիցե իրավական գործընթաց տեղի չի ունենում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5–ին, դատարանի դիմաց, լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Գասպարյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի նկատմամբ դատարանի կողմից մեկ ամսով կալանքի որոշում կայացնելուն։

«Նախ ձերբակալումը ակնհայտ ապօրինի է, ո՞նց ենք պատկերացնում տնային կալանքի մեջ գտնվող անձին կարելի է կրկին դատարան ներկայացնելու համար ձերբակալե՞լ։ Բնականաբար չունենք նման որևիցե օրենսդրական կարգավորում։

Ինչ վերաբերվում է մեկ ամիս ժամկետով կալանավորելուն, բնականաբար սպասելի էր այնքանով, որքանով, որ Նիկոլ Փաշինյանը պատեհ–անպատեհ, ամեն հարմար առիթ և խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս, որ կատարեն իր համար բռնաճնշումներ, իրեն ցանկալի, իր ոճին բնորոշ բռնաճնշումներ։

Ճանաչելով դատավորին, ես ցավում եմ, որ դատական համակարգում կրկին անգամ չտեսանք այն արդարադատությունը, որը պետք է իրականացներ դատավորը։ Ցավում եմ, որ դատավորը տրվեց Նիկոլ Փաշինյանի բռնաճնշումներին, և ևս մեկ անգամ գալիս ենք այն համոզման, որ դատարանները տրվում են Նիկոլ Փաշինյանի սադրանքներին, ենթարկվում են նրա բռնաճնշումներին և այստեղ ունենում ենք խնդիր արդարադատություն իրականացնելու հետ։ Ես վստահ եմ, որ սա քաղաքական հետապնդում է, վստահ եմ, որ ինչքան էլ կալանավորվի և բռնաճնշումներ տեղի ունենան «Ուժեղ Հայաստանի» առաջնորդի հետ, «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների հետ, միևնույնն է, Նիկոլ Փաշինյանը իր ուզած արդյունքին չի հասնելու, այն է՝ Ալիևի կողմից թելադրված սահմանադրության փոփոխությունը»,–ասաց նա։

Նշենք, որ այսօր առավոտյան դատարանը հրապարակեց որոշումը, որով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը մեկ ամսով կալանավորվեց։ Գործը մակագրվել է դատավոր Լևոն Պետրոսյանին, դատական նիստը շարունակվել է ամբողջ գիշեր։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։

Այս առնչությամբ ՔԿ–ից NEWS.am—ին հայտնել են. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»։

Ավելի ուշ ՔԿ–ն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ ՀԷՑ-ին պատճառվել է 64,5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի և 35 անձի նկատմամբ, նրանք ձերբակալվել են։