Արդեն շատ վաղուց, ցավոք սրտի, Հայաստանում ոչ իրավաբանություն գոյություն ունի, ոչ արդարադատություն, դրա համար պետք չի մասնագետ լինել։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5–ին, դատարանի դիմաց, լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի նկատմամբ մեկ ամսով կալանքի որոշմանը։
«Ցանկացած բանական մարդու, միջին վիճակագրական մարդու համար պարզ է, որ սա զուտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված կալանք է, որովհետև նախ Սամվել Կարապետյանը գտնվում էր տնային կալանքի տակ։ Որքանով տեղյակ եմ, այն գործի շրջանակներում, ինչի համար կրկին փոխվում է ռեժիմը, բացարձակ որևէ կապ չունի կալանքի հետ, այսինքն այն նպատակի հետ, որ իբրև թե չխոչընդոտի գործին։
Զուտ մասնագիտական, իրավական մանրամասների մեջ մտնելն իմաստ չունի, որովհետեւ սա զուտ վերջին օրակարգերով պայմանավորված խնդիր է, այսինքն ալիևյան սահմանադրություն ընդունելու հետ կապված խնդիր է։
Երբ մենք խոսում ենք սահմանադրության մասին, շատերը անտարբեր են, ասում են՝ թող սահմանադրությունը փոխվի, թող լինի խաղաղություն։ Բայց այստեղ ամենագլխավոր մեխը այն է, որ սա ունի շարունակական բնույթ, այսինքն չի սահմանափակվելու միայն սահմանադրության փոփոխությամբ։
Սա ընդամենը անոնսն է, և ինչպես երեկ նշեց մեր խմբակցության ղեկավարը, հիմա չակերտավոր համոզելու պրոցեսի մեջ են իրենք գտնվում, բայց պետք է գիտակցեն, պետք է հասկանան, որ սրանով որևէ բան չի փոխվելու։ Այսինքն մինչև ու՞ր, սրա վերջը ո՞րն է, իրենք էլ պետք է գիտակցեն, որ երբևէ գալու է պատասխանատվության ժամը, չի կարելի նման գործելաոճով առաջնորդվել։
Խոսքս վերաբերում է բոլոր այն մարդկանց, որոնք շատ լավ հասկանալով, որ սա իրավունքի, իրավաբանության հետ առհասարակ ընդհանրապես կապ չունի, շարունակում են ընդամենը իմ տպավորությամբ, պատվեր կատարել»,–ասաց նա։
Ֆարմանյանը նկատեց, որ իրենց պայքարը ոչ թե Սամվել Կարապետյանի համար է, այլ արդարության համար, հայ ազգի, հայ ժողովրդի, մեր պետականության, լինել-չլինելու համար։
«Երբ Աստված չանի, Տիգրանաշենը հանձնվի, մենք կորցնելու ենք մեր կապը մեր մյուս մարզի հետ, հաջորդ զիջումը ո՞րն է լինելու։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հայտարարում է Իրևանի ղազիաթի մասին, դա նշանակում է, որ հաջորդ քայլը լինելու է դա։ Իշխանությունները հեգնանքով ասում են, բա ու՞ր են այդ 300 հազար ադրբեջանցիները, 300 հազար ադրբեջանցիները միանգամից չեն գալիս մի օրում, դա լինում է աստիճանաբար։ Այսինքն հիմա սահմանադրությունը կփոխեն, հետո Տիգրանաշենը կհանձնեն, հետո Իրևանի Ղազիաթը կունենան, հետո կամաց-կամաց կգան։
Մենք դեմ չենք խաղաղությանը, մենք ասում ենք՝ երբ սկզբում ԹՐԻՓՓ–ն է, հետո խաղաղությունը, դա նշանակում է, որ մենք երաշխիք չունենք այդ խաղաղության համար։ Երբ որ ադրբեջանցին մուտք գործի Հայաստան, ելքը ինչպես են վերահսկելու։
Այս պայքարի դրոշակակիրը պարոն Սամվել Կարապետյանն է, և հետևաբար իրենք վախենալով, որ այդ իրենց պլանները չի իրագործվելու, իրենց աթոռից վախենալով, թուլությունից ելնելով չեն կարողանում մերժել Ալիևի պահանջները, հետևաբար պետք է մեկուսացնեին պարոն Կարապետյանին։
Բայց ես լավատես եմ և առաջնորդվում եմ այն փիլիսոփայական տրամաբանությամբ, որ չի կարող անվերջ անձրև գալ, չի կարող անվերջ ձյուն գալ, մի օր դա պետք է ընդհատվի, և կարծեք, թե վաղուց են այդ ժամկետները լրացել, և հույս ունեմ, որ շատ շուտով արդարությունը կընկնի իր տեղը»,–ասաց ընդդիմադիր պատգմավորը։
Նշենք, որ այսօր առավոտյան դատարանը հրապարակեց որոշումը, որով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը մեկ ամսով կալանավորվեց։ Գործը մակագրվել է դատավոր Լևոն Պետրոսյանին, դատական նիստը շարունակվել է ամբողջ գիշեր։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։
Այս առնչությամբ ՔԿ–ից NEWS.am—ին հայտնել են. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»։
Ավելի ուշ ՔԿ–ն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ ՀԷՑ-ին պատճառվել է 64,5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի և 35 անձի նկատմամբ, նրանք ձերբակալվել են։











