Այս իշխանությունները 2018–ից մինչև օրս մի գործիք ունեն, որը որևէ իրավիճակում չեն զիջել և չեն զիջելու, դա կալանքն է, կալանքի միջնորդությունն է, դա մարդկանց կալանավորելն է, դա ռեպրեսիվ մթնոլորտ ձևավորելն է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5–ին, դատարանի դիմաց, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի նկատմամբ դատարանի կողմից մեկ ամսով կալանքի որոշում կայացնելու։

«Ուրիշ որևէ հարցում այդ աստիճան հետևողական չեն։ Այս իշխանությունները պատրաստ էին ասել՝ «Արցախը Հայաստան է և վերջ», որից հետո Արցախը ամբողջությամբ մոռանան, բայց կալանքը 2018–ից հետևողականորեն պահպանում են։ Ես ձեզ կառաջարկեմ, որ դուք մի փոքր վարժություն կատարեք և տեսնեք հանրային հնչեղություն ունեցող բոլոր գործերով, երբ անձը եղել է կալանավորված, այնուհետև եղել է տնային կալանքի պայմաններում կամ այլ խափանման միջոցի, արդյո՞ք եղել է մի դեպք, երբ այդ պայմանը խախտած լինի, և օրինակ քննիչը կամ դատախազը ասի՝ եկեք անձին նորից կալանավորենք։ Չեք գտնի, այդպիսի դեպք։

Սամվել Կարապետյանը յոթ ամիս եղել է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, որից հետո այսքան ժամանակ եղել է տնային կալանքի պայմաններում և մեկ խախտում անգամ չի եղել իր կողմից։ Բայց ամեն դեպքում տեսնում եք, որ այստեղ կալանքի ֆետիշացումը, գերակայությունը ապահովվում է։

Սա արվում է մեկ նպատակով՝ դա ալիևյան սահմանադրության օրակարգը ամեն կերպ պարտադրել է ՀՀ հասարակությանը, այս դեպքում հատկապես ընդդիմադիր գործիչներին, որոնք ներկայացված են Ազգային ժողովում։ Իհարկե Սամվել Կարապետյանին, ով ճանաչում է, համոզված կարող եմ ձեզ ասել, սա զրո էֆեկտ է տալու, որովհետև երբ Սամվել Կարապետյանը հայ տղամարդու այդ տեսակն է։ Սա հակառակ էֆեկտ է ունենալու»,– հայտարարեց ԱԺ փոխխոսնակը։

Նա հիշեցրեց, որ երեկ կարևոր հանդիպում է տեղի ունեցել հենց Սամվել Կարապետյանի առանձնատանը. «Այդ հանդիպումը պետք է տեղի ունենար այսօր Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ, Հետաքրքիր էր, որ հենց երեկ տեղի ունեցավ Սամվել Կարապետյանի հերթական ապօրինի ձերբակալումը, բայց դա չխանգարեց հանդիպմանը։ Կոնկրետ չորս հիմնարար նպատակների շուրջ առկա է 10-ից ավելի քաղաքական միավորների հայտարարություն։ Ես համոզմունք ունեմ, որ այս համախմբման ներառականության օրակարգը շարունակական է լինելու, Հայաստանի Հանրապետությունում ուժեղ Հայաստան լինելու է»,–ասաց Վարդևանյանը։

Նշենք, որ այսօր առավոտյան դատարանը հրապարակեց որոշումը, որով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը մեկ ամսով կալանավորվեց։ Գործը մակագրվել է դատավոր Լևոն Պետրոսյանին, դատական նիստը շարունակվել է ամբողջ գիշեր։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։

Այս առնչությամբ ՔԿ–ից NEWS.am—ին հայտնել են. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»։

Ավելի ուշ ՔԿ–ն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ ՀԷՑ-ին պատճառվել է 64,5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի և 35 անձի նկատմամբ, նրանք ձերբակալվել են։