Դա հարց է, որին պետք է պատասխանի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Այդ հարցը ինձ չի ուղղված և ես չէ, որ այդ հարցին պետք է պատասխանեմ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5–ին, Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին ընդդիմադիր ուժերը հավաք են արել, հայտարարություն են ընդունել, արդյո՞ք հնարավոր է, որ նրանք կարողանան հանրային ճնշում գեներացնել և հասնել իշխանափոխության։

«Շատ հստակ է, մենք առաջարկում ենք և գնում ենք խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման և երկամյա խաղաղությունը տասնամյակների և հարյուրամյակների խաղաղության փոխարինելու ճանապարհով։

Ես նախկինում էլ ասել եմ, որ ի վերջո որոշումներ կայացնողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, և ժողովուրդը ոնց որոշի, այդպես էլ կլինի։ Այդ թեմայով ես լրացուցիչ մեկնաբանություններ չունեմ։

Բայց ես ուրիշ բան եմ ասում, տեսեք 65 միլիարդ դրամի չարաշահման գործ է, ընդդիմադիրները դուրս են գալիս, ասում են՝ Ալիևը, Ադրբեջանը։ Ինչ լինում է, ասում են՝ Ալիևը Ադրբեջանը։ Այսինքն հիմա որ մեր ժողովուրդը խաղաղություն է ուզում, կամ որ ժողովուրդը գնա նոր սահմանադրությանը կողմ քվեարկի, իրենք իրենց ասածների քաղաքական հետևանքների մասին մտածո՞ւմ են։ Ենթադրենք՝ կա տարբերակ, որ հարցը հասնի հանրաքվեի և ժողովուրդը կողմ քվեարկի, որ կողմ քվեարկեց, ի՞նչ, ժողովրդի հասցեին նախկինում կիրառված վիրավորական մակդիրները հիմա էլ փոխանցելու են նրան, որ ասեն, որ ի՞նչ։ Սա է պատճառը, որ ասում եմ, որ այդ մարդիկ ոչ միայն հակակառավարական, հակապետական մարդիկ են, որոնք ընդամենը ուզում են իրենց թալանածը ծածկեն»,–ասաց նա։