Իրավապահները ցուցմունք տված անձի մասով տվել են տեղեկատվություն, որովհետև հենց տվյալ անձը կարող է ասել, թե ինչպես է եղել և ոնց է եղել, և մենք հիմնվում ենք դրա վրա, մնացածը ենթադրություններ են։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը՝ անդրադառնալով Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի դեպքով քիչ առաջ ավարտված փակ հանդիպմանը։

«ՀՀ–ում էլ հազարավոր քրեական վարույթներ կա, որի շրջանակում ցուցմունք տվողները կարող են սուտ ասել։ Բայց առնվազն հիմնվում ենք այն փաստերի վրա, որոնք որ թղթի վրա հիմա արձանագրված են։

Լրացուցիչ որևիցե բան, որը փաստացի հանրային դաշտում հնչել է, չկար, ամեն դեպքում կուզեմ ասեմ, որ նմանատիպ դեպքերը այնուամենայնիվ չպետք է քաղաքական նպատակներով շահարկվեն, այդ թվում նաև չպետք է օգտագործվեն մեր հանրության վրա որոշակի ազդեցություններ գործելու համար։

Հիմա իրավիճակ կա, երբ փաստացի զինվորը հայտնվել է Հայաստանի Հանրապետությունում։ Դժբախտ դեպք է տեղի ունեցել, որի շրջանակում կա իրավական գործընթաց։ Այն բոլոր իրավիճակները, որոնք կապված են անվտանգության և պաշտպանության հետ, մեր քաղաքական ընդդիմադիրները, այդ թվում նաև լրագրողական համայնքը, պետք է հնարավորինս զսպվածություն ցուցաբերեն նմանատիպ իրավիճակներում։ Սա փաստացի սովորական կրիմինալ միջադեպ է, որովհետև տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության սահմանի ապօրինի հատում, որի շրջանակում նաև ունեցել ենք հրազենի օգտագործման դեպք։ Սա ոչ սովորական է, քանի որ փաստացի այլ երկրի քաղաքացի է դեպքի հեղինակը, այդ առումով է ոչ սովորական»,–ասաց նա։

Հարցին՝ արդյոք այս դեպքը չի փաստում, որ սահմանները պաշտպանված չեն, Գաբրիելյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, այս դեպքը չի խոսում այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանի հետ կապված կա համակարգային խնդիր։ Անշուշտ, սահմանային գոտում մենք խնդիրներ ունենք, և մեր խնդիրը հենց դա է, եղած դեպքի վերաբերյալ արձանագրել խնդիրները, այդ խնդիրները վերլուծել և շտկել որ ռիսկերը կառավարել։

Չի բացառվում, որ առաջիկայում էլ լինի նման դեպք, բայց այստեղ ինձ համար առանցքային խնդիրը նա է, որ նմանատիպ դեպքերը կարող են լինել այն պատճառով, որ Հայաստանի Հանրապետության սահմանը Ադրբեջանի Հանրապետության հատման հետ հատման մասում ամբողջովին սահմանազատված չէ։ Մեր հիմնական ջանքը պետք է նենդրենք, որպեսզի հնարավորինս սահմանազատման գործընթացը արագ վերսկսենք և հասցնենք ավարտին»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի մուտք էր գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել կրակոցներ:

Կրակոցի հետևանքով վիրավորում էր ստացել 1987 թվականին ծնված Անի Ավետիսյանը:

Այնուհետև, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել էր փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել էր Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում:

Շաքիում արձանագրված դեպքով քրեական օրենսգրքի 5 հոդվածներով նախաձեռնվել են քրեական վարույթներ, նա կալանավորվել է երկու ամսով։

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը NEWS.am—ին պատմել է, որ ադրբեջանցի զինծառայողը պատանդ է վերցրել երեխաներին, իսկ մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է ձախ ձեռքի 3 մատները: Իսկ երբ նա ցանկացել է վերալիցքավորել ինքնաձիգը, հայ կինը դանակով հարվածներ է հասցրել նրան։ Երբ մայրն ուշաթափվել է, որդին է բռունքով հարվածել ադրբեջանցի զինծառայողի գլխին, որի հետևանքով էլ կոտրվածք է ստացել դաստակի հատվածում։