Քաղաքական ուժերի հանդիպման արդյունքներով ընդունված բոլոր չորս կետերը, ինչպես նաև քաղաքական ուժերի համախմբումը կարևոր նշանակություն ունեն։ Այս մասին նոյեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց բանաստեղծ Հուսիկ Արան՝ մտավորականության ներկայացուցիչների հետ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հանդիպմանն ընդառաջ։
Բանաստեղծի խոսքով՝ քաղաքական ուժերի համախմբումը կարող է օգնել կասեցնել պետության ոչնչացումը։ Նա կարևորեց նաև մտավորականության ներկայացուցիչների հետ Կարապետյանի՝ նոյեմբերի 5-ի հանդիպումը։
Հուսիկ Արան հավելեց, որ այդ հանդիպումը կարող է ուժ տալ՝ հաղթահարելու այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք են, իր բնորոշմամբ, Ադրբեջանի կողմից պարտադրվող Սահմանադրությունն ու Հայ առաքելական եկեղեցու և հայոց պետականության մյուս հենասյուների դեմ բռնաճնշումները։ Նրա պնդմամբ՝ իշխանությունները փորձում են քանդել այդ հենասյուները՝ դրանց հետ մեկտեղ ոչնչացնելով նաև Հայաստանի անկախությունը։ «Անկախության հռչակագիրը մեր ծննդյան վկայականն է, և եթե մենք հրաժարվենք դրանից ու այն չներառենք Սահմանադրության մեջ, ապա երկիրն անձնագիր էլ չի ունենա։ Մենք կդադարենք պետություն լինելուց», — ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Նարեկ Կարապետյանը հանդիպել էր մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման արդյունքներով ընդունվել էր համատեղ հայտարարություն, որում շեշտվում էր համազգային համախմբման, Ադրբեջանի կողմից պարտադրվող Սահմանադրությունից հրաժարվելու, առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների խաղաղություն հաստատելու, ազգային ինքնությունն ու Հայ առաքելական եկեղեցին պաշտպանելու, ժողովրդավարական ազատություններն ու իրավունքները վերականգնելու անհրաժեշտությունը։











