Մենք ունենք օրինակներ, երբ մարդիկ բողոքում են Հանրայինի լրատվությունից, մեր եթերից, բայց երբ այդ նույնը մարդկանց հրավիրում ենք եթեր խոսելու այդ մասին, իրենք չեն գալիս։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրային հեռուստաընկերության (Հ1) գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը՝ անդրադառնալով Հանրային հեռուստատեսության լրատվության հասցեին հնչող քննադատությանը։

«Եթե կհիշեք, երբ դեռ Արման Թաթոյանը մարդու իրավունքների պաշտպանն էր, ԱԺ ամբիոնից բողոքեց, նույն օրը հրավիրեցինք եթեր և ի ուրախություն մեզ նա եկավ և մեր եթերում բացատրեց, թե ինչու է դժգոհ կամ ինչից է բողոքում։

Հիմա, երբ ինչ-որ մեկը բողոքում է, շատ կարևոր է, թե ով է բողոքողը, որովհետև շատ հաճախ մարդիկ բողոքում են, բայց հետո չեն գալիս եթեր»։

Հարցին՝ ինչո՞ւ Հ1–ի լրատվական թողարկման ժամանակ լուսաբանվում են ՔՊ–ական բոլոր պատգամավորների ճեպազրույցները, իսկ ընդդիմադիրներինը չի լուսաբանվում, նա պատասխանեց. «Կոնկրետ, եթե փաստերով ներկայացնեք, հարցում անեք, մենք կպատասխանենք։ Շատ հաճախ մարդիկ չեն դիտում ինչ-որ կոնկրետ բաներ և հետո սկսում են ինչ-որ գնահատականներ տալ։ Հիմա ես չեմ կարող ասել՝ իսկ ինչու այս լրատվամիջոցը սա չի անում, նա չի անում։ Եթե կա կոնկրետ ստատիստիկա, ձևակերպեք հարցում, այդ հարցմանը պատասխանենք»։

NEWS.am–ի դիտարկմանը, որ Հանրայինով ռեպորտաժներ են պատրաստվում որևէ քաղաքական իրադարձության վերաբերյալ, և այդտեղ միայն իշխանական տեսակետ է հնչում, ինչու՞ ընդդիմությունը չկա պատկեր ամբողջական լինելու համար, Հովհաննես Մովսիսյանն ասաց. «Ես պետք է իմանամ կոնկրետ՝ ինչի մասին ենք խոսում։ Պետք է կոնկրետ լինի։ Երբ լինում է, որ մենք դիմում ենք և ընդդիմադիրները մերժում են, ես որտեղից իմանան, որ ռեպորտաժից ենք խոսում, կարող է դիմել են, մերժե՞լ են խոսել։ Քանի որ ես շատ հաճախ նաև հետաքրքրվում եմ պատճառներով, թե ինչն է պատճառը, որ մերժում են, դրանք մեծամասամբ քաղաքական չեն»։

Հարցին՝ ինչու Հանրայինը չի լուսաբանել երեկ Սամվել Կարապետյանի առանձնատանը տեղի ունեցած ընդդիմադիր ուժերի հավաքը, նա պատասխանեց, որ երեկ երեկոյան դեռ այդ մասին հայտնի չէր, իսկ այսօրվա լուրերի երեկոյան թողարկումը դեռ եթեր չի գնացել։

Հովհաննես Մովսիսյանը հայտարարեց, որ հաշտ չէ այն փաստի հետ, որ 44–օրյա պատերազմի տարելիցի օրը Թաթայի համերգն է հեռարձակվել Հ1–ով. «Տեղի է ունեցել սխալ, որովհետեւ պլանավորումը շուտ է եղել։ Սա առաջին տարին է եղել, որ հիշատակի օր սահմանվեց սեպտեմբերի 27–ը։ Ես ամբողջությամբ ստանձնել եմ դրա պատասխանատվությունը։ Ինձ ապշեցնում են կարծիքները, որ սա կարող էր միտումնավոր լինել։ Մենք հենց հաջորդ օրը ընդունեցինք սխալը։ Դրանից հետո նաև տեղի ունեցավ հանրային հեռարձակողի խորհրդի նիստ, որտեղ նկատողություններ եղան, այդ թվում նաև ինձ։ Եկեք ֆիքսենք, որ սա միտումնավոր չի եղել»։

Անդրադառնալով նրան, որ 44–օրյա պատերազմի տարելիցին՝ սեպտեմբերի 27–ին, Հ1-ն անդրադարձավ, ընդամենը մի քանի տողով, մինչդեռ այցելություն էր եղել Եռաբլուր, Հովհաննես Մովսիսյանն ասաց. «Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք առնվազն մի քանի հաղորդաշար ենք ունեցել թեմային անդրադարձող։ Մենք անդրադարձել ենք թե՛ մարդկանց, թե՛ զոհերին, թե՛ վիրավորներին, թե՛ նաև ընդհանրապես պատերազմին, ու հիմա ասել, որ Հանրային հեռուստաընկերությունը չի անդրադառնում, դա այդքան էլ ազնիվ չի»։

Հարցին՝ կա՞ թեկուզ չգրված օրենք, որ Հանրայինի եթերում «Արցախ» անունը չհնչի, Հովհաննես Մովսիսյանը ժխտական պատասխան տվեց. «Մենք մի քանի հողորդումներ ենք ունեցել, երբ ընդդիմադիր գործընկերը ասել է՝ ձեր եթերում չի կարող «Արցախ» բառը հնչել, և հաղորդավարը հենց ուղիղ եթերում հնչեցրել է»։

Ինչ վերաբերում է նրան, որ սպորտային հաղորդման ժամանակ, երբ հնչում էր Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը, այդ ստեղծագործության անունը չհնչեց, նա ասաց. «Օլիմպիական խաղերի ժամանակ, երբ գնում ենք լիցենզիաները, մենք նաև պարտավորություն ենք ստանձնում, որ այն կատարումները, որոնք հնչում են, Օլիմպիական կոմիտեն մեզ նախապես ուղարկում է անվանումները։ Եվ ինքը այնտեղից բացի այլ ինֆորմացիա չի կարող տալ։ Դու, որպես լիցենզիան ստորագրած կողմ, իրավունք չունես դրանից բացի այլ բան ասես»։