Կա 2009–ին ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենք, որտեղ կա Տիգրանաշեն բնակավայր, թե թաղամաս, չեմ հիշում, բայց թե ինչ հիմքով է դա այդտեղ հայտնվել, սա առանձին քննարկման առարկա է, Դա կրկին իրավաբանների ուսումնասիրության հարց է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Տիգրանաշեն գյուղը իրավականորեն Հայաստանի տարածքի մաս կազմում է, թե ոչ։
Հարցին՝ որքա՞ն է կազմում, օրինակ, Արծվաշենի տարածքը, որը Հայաստանի տարածքի մաս է կազմում, Սուրեն Թովմասյանը պատասխանեց. «Ես կդժվարանամ այդ հարցին պատասխանել, որովհետեւ Կադաստրի կոմիտեն վարում է կադաստրային քարտեզ, որը ստեղծվել է արդեն անկախ Հայաստանի տարիներին, այսինքն 1997-98 թվականից։ Այդ տարածքների չափագրում չի էլ իրականացվել կադաստրային քարտեզի, հետևաբար մի քիչ կդժվարանամ թվեր ներկայացնել»։
Ինչ վերաբերում է այն տարածքներին, որոնք Հայաստանի վերահսկողության տակ են, բայց ՀՀ կառավարությունը համարում է, որ դրանք ադրբեջանական անկլավներ են, դրանց հանրագումարային տարածքին, նա ասաց. «Եթե չեմ սխալվում, կա այսպիսի կարգավորում, որ որևէ տարածքի ճշգրիտ մակերես կամ սահմանին վերաբերվող հատվածները, դրանք երկու կողմանի համաձայնությունների արդյունք պետք է լինեն։ Այդ մակերեսների թվերը կարելի է հնչեցնել միայն այն ժամանակ, երբ որ դրանց հստակ իրավական կարգավիճակը ճշտվի կոնկրետ փաստաթղթերով։ Այդ ժամանակ երբ որ կճշտվի յուրաքանչյուրը կկարողանա այդ թիվը հաշվել»։
Լրագրողներին հետաքրքրում էր նաև այն, թե ԹՐԻՓՓ նախագծի իրականացման համար որքան տարածք է պետք է հատկացվի. «Սահմանների վերաբերյալ այդ հանձնաժողովը, որը առկա է և այստեղ, և այնտեղ համատեղ նիստերի արդյունքում կորոշվի թե քանի մետրի կամ 100 մետրի կամ կիլոմետրի մասին է խոսքը։ Ես տեղեկատվություն չունեմ, թե ինչ լայնությամբ է այն լինելու։ Իմ տեղակալը ներգրավված է հանձնաժողովի մեջ, բայց հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ ես տվյալներ չեմ կարող հայտնել։ Իրենք այնտեղ կորոշեն, կհայտարարեն։ Որ օրը այդ աշխատանքները կազմակերպվեն կամ ավարտվեն, դրա վերաբերյալ տվյալները հասանելի կդառնան,–ասաց նա։











