Ճապոնիան աջակցում է Հայաստանին Արցախից տեղահանվածների ինտեգրման հարցում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական։
«Մենք համագործակցության լայն դաշտ ունենք և, ըստ էության, ամրապնդում ենք մեր գործընկերությունը։ Նախ՝ ես պետք է ընդգծեմ Ճապոնիայի, Հայաստանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև համագործակցությունը, որն ուղղված է գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը։
Մենք հատկապես կենտրոնանում ենք Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և տեղի ընդունող համայնքների վրա։ Գյուղատնտեսությունը, կարծում եմ, ամենակարևոր ոլորտներից մեկն է, որտեղ շատ մարդիկ են աշխատում, և մենք դեռ շատ անելիքներ ունենք Հայաստանում գյուղատնտեսության արտադրողականությունը բարելավելու ուղղությամբ։
Բացի այդ, մենք շատ ենք քննարկում Ճապոնիայի և Հայաստանի միջև ՏՏ ոլորտում ապագա համագործակցության հարցերը։ Ցավոք, մեր միջև աշխարհագրական հեռավորությունը մեծ է, սակայն ՏՏ ոլորտում համագործակցության և ՏՏ ընկերությունների միջև կապերի հաստատման համար հեռավորությունն ու սահմանները նշանակություն չունեն։ Սրանք են մեր երկկողմ համագործակցության երկու հիմնական ուղղությունները»,- ասել է դեսպանը։











