Այսօր ես առաջարկում եմ միասին շարունակել մեր ճանապարհը, նոր համերաշխ դաշինքով, որի անունն է «Կառուցող» դաշինք։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18–ին, Մասիսում քարոզարավի ժամանակ իր ելույթում նշեց «Կառուցող» դաշինքից (դաշինքի մաս է կազմում նաև ՀՀԿ–ն–խմբ) համայնքապետի թեկնածու առաջադրված Դավիթ Համբարձումյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Ինձ շատ են հարցնում, թե ինչու «կառուցող», որովհետև հետ նայելով դուք կտեսնեք, որ մեր թիմը համակարգեր կառուցող է։ Անցած տարիների ընթացքում կատարված աշխատանքները ձեր բոլորի աչքի առաջ են, իսկ ապագայում կառուցվողը խոստանում եմ դեռ կտեսնեք։ «Կառուցող», որովհետև մենք հավատում ենք մեր նպատակներին, մեր ծրագրերին։

Ավելի քան 4 տարի ես ունեցել եմ Մասիս համայնքը ղեկավարելու և նրա զարգացման համար աշխատելու պատասխանատվությունն ու պատիվը։ Այս տարիներն ինձ համար եղել են ոչ միայն աշխատանքի, այլև բազմաթիվ փորձությունների, դժվարությունների, զրկանքների ու կարևոր դասերի ժամանակաշրջան, որոնք էլի ձեր աչքի առաջ ու ձեր աջակցությամբ հաղթահարելով առաջ ենք շարժվել։

Այսօր ես կրկին կանգնած եմ ձեր առջև համայնքի ղեկավարի թեկնածությամբ, ոչ միայն շարունակելու անցած ճանապարհը, այլ նոր ուժով, նոր պատասխանատվությամբ և նոր նպատակներով առաջ շարժվելու համար։ Մենք չենք սկսում զրոյից, մենք շարունակում ենք կառուցել, մենք ունենք անցած ճանապարհ, իրականացված աշխատանքներ, ձեռքբերումներ, նաև լուծվելիք խնդիրներ ու դեռևս իրականացվող ծրագրեր։

Ես ուզում եմ, որ այս ընտրությունները լինեն ոչ թե բաժանարյան գծեր ստեղծելու, այլ մեր համայնքի ժողովրդավարական հասունությունը ցույց տալու հնարավորություն։ Կոչ եմ անում բոլորիս անցկացնել այս ընտրական գործընթացը ազատ, արդար, թափանցիկ և փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Թող յուրաքանչյուր մասիսցի ազատորեն արտահայտի իր կամքը, թող հաղթի ոչ թե աղմուկը, ոչ թե թշնամանքը, այլ գաղափարը, աշխատանքը և ժողովրդի ազատ ընտրությունը։

Մեր համայնքը բոլորիս տունն է և ընտրություններից հետո էլ մենք շարունակելու ենք ապրել կողք-կողքի, ուստի եկեք պահպանենք այն, ինչ ավելի թանկ է։ Մարդկային հարաբերությունները, համերաշխությունն ու համայնքի միասնականությունը ինձ համար ցանկացած պաշտոնից վեր է։

Մենք մեր ամբողջ թիմով, մեր ամբողջ կարողություններով շարունակելու ենք զարգացնել Մասիս համայնքը։ Ես վստահ եմ Մասիս համայնքի, Մասիսի ժողովրդի հաղթանակին, որը լինելու է դեկտեմբերի 13-ին, ընտրելով համար հինգը»,– հայտարարեց Դավիթ Համբարձումյանը։ Նրա ելույթից հետո ներկաները քայլերթով գնացին Մասիսի կենտրոնում գտնվող Սուրբ Թադեոս եկեղեցի մոմավառության։

Նշենք, որ Մասիսում ՏԻՄ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 13–ին։ ՔՊ–ի կողմից համայնքապետի թեկնածու է առաջադրվել Հովհաննես Հակոբյանը։