Անհետ կորածների ճակատագրին առնչվող հարցերը պետք է դիտարկել նրանց հարազատների իրավունքների հետ անխզելի կապի մեջ, քանի որ այդ ընտանիքները բախվում են հոգեբանական, սոցիալական և տնտեսական լուրջ դժվարությունների։ Պետությունը պարտավոր է ապահովել նրանց իրավունքների պաշտպանությունը՝ անկախ անհետացումից անցած ժամանակից։ Այս մասին հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Նրա խոսքով՝ նման խնդիրները բնորոշ են ոչ միայն Հայաստանին։ Հակամարտությունների միջով անցած և մարդկանց անհետացման խնդրին առերեսված գրեթե բոլոր պետությունները կանգնած են նմանատիպ մարտահրավերների առջև, այդ թվում՝ անհետ կորածների հարազատների իրավունքների պաշտպանության հարցում։ Ժամանակի ընթացքում ընտանիքների հոգեբանական ծանր վիճակը չի մեղմվում, ուստի պետությունը պետք է առնվազն կատարի նրանց հանդեպ իր հիմնական պարտավորությունները։
Մանասյանն ընդգծել է, որ առանձնահատուկ նշանակություն ունի պետական մարմինների՝ անհետ կորածների հարազատների հետ շփման ձևը։ Այդ հաղորդակցությունը պետք է լինի ոչ միայն նրբանկատ, այլև մասնագիտական պատշաճ մոտեցմամբ։ Դրա համար անհրաժեշտ է վերապատրաստել պետական կառույցների աշխատակիցներին՝ զարգացնելով նաև ծանր անորոշության մեջ գտնվող ընտանիքների հետ հաղորդակցվելու նրանց հմտությունները։
ՄԻՊ-ը կարևորել է, որ համապատասխան գիտելիքներ և կարողություններ ունենան այս ոլորտում ներգրավված բոլոր պետական մարմինների ներկայացուցիչներն ու հանրային դերակատարները, այդ թվում՝ քաղաքական գործիչները։
Մանասյանն առանձին անդրադարձել է խաղաղության և այլ քաղաքական գործընթացների վերաբերյալ պետական մարմինների հրապարակային հայտարարություններին։ Նրա խոսքով՝ նման ուղերձները պետք է հաշվի առնեն անհետ կորածների խնդրի առանձնահատկությունները և պատշաճ զգայունություն ցուցաբերեն դրան առնչվող մարդու իրավունքների հարցերի նկատմամբ։
Ինչպես նշել է Մարդու իրավունքների պաշտպանը, երբեմն, թեկուզ ոչ միտումնավոր, պետական կառույցների հայտարարությունները կարող են տպավորություն ստեղծել, թե առաջնահերթությունը տրվում է բուն գործընթացին՝ խաղաղության հաստատմանը (խմբ.), մինչդեռ մարդկանց իրավունքներն ու խնդիրները մղվում են երկրորդ պլան։
Միևնույն ժամանակ նա վստահություն է հայտնել, որ բոլոր պետական մարմինների համար այդ մարդկանց ճակատագրերն առաջնային նշանակություն ունեն։ Սակայն, ինչպես ընդգծել է Մանասյանը, դա պետք է ակնհայտ լինի նաև պետության հանրային հաղորդակցությունից։ «Փոխանցվող ուղերձները պետք է մարդկանց մոտ ձևավորեն այն ընկալումը, որ իրենց խնդիրները ոչ մի դեպքում չեն դիտարկվում որպես երկրորդական»,– ընդգծել է նա։
Նա նաև մատնանշել է կյանքի իրավունքի պաշտպանության, խոշտանգումների արգելքի պահպանման և մարդու այլ հիմնարար իրավունքների պաշտպանության իրավական մեխանիզմների պատշաճ կիրառման անհրաժեշտությունը։
Որպես մեկ այլ սկզբունքային պայման՝ ՄԻՊ-ը նշել է անհետ կորածների հարցի քաղաքականացման անթույլատրելիությունը։ Նրա խոսքով՝ այս սկզբունքի կարևորությունը պանելային քննարկման ընթացքում ընդգծել են նաև միջազգային գործընկերները։
Մանասյանը քննադատել է հակադիր քաղաքական ճամբարների ներկայացուցիչների մասնակցությամբ այս թեմայի քննարկման ձևավորված գործելակերպը, երբ մի կողմը ձգտում է իրավիճակը ներկայացնել բացառապես բացասական լույսի ներքո, իսկ մյուսը՝ ցույց տալ, թե ամեն ինչ բարեհաջող է։ Նրա գնահատմամբ՝ նման մոտեցումը չի նպաստում խնդիրների լուծմանը։
Պաշտպանն ընդգծել է, որ գործընթացում չի տեսնում որևէ դերակատարի, որը շահագրգռված չլինի անհետ կորածների խնդիրների լուծմամբ։ Ուստի մասնագիտական և հանրային քննարկումները պետք է ուղղված լինեն ոչ թե քաղաքական դիմակայությանը, այլ լուծումների որոնմանը։
Նրա պարզաբանմամբ՝ խնդիրների վերհանումն ու հրապարակային քննարկումը չպետք է դառնան ինքնանպատակ կամ վերածվեն ագրեսիվ քննադատության։ Քննադատական գնահատականներով հանդես եկող դերակատարները ևս պետք է պատրաստակամ լինեն աջակցելու գործընթացին և օգնելու վերացնել արձանագրված թերությունները։
Մանասյանի խոսքով՝ կուտակված խնդիրների լուծումը ժամանակ է պահանջում, և մեկ օրում արդյունքի հասնելն անհնար է։ Այդուհանդերձ, գործընթացի ճիշտ կազմակերպման և բոլոր շահագրգիռ կողմերի աջակցության դեպքում հնարավոր է աստիճանաբար լուծել առկա հարցերի առնվազն մի մասը։











