Գործ ունենք ծայրահեղ աստիճանի քաղաքական հետապնդում պարունակող քրեական գործի հետ։ Այս գործով իրավական գործընթացը նվազագույնի է հասցված. դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը։
«Արվել է ամեն ինչ՝ իրականության հետ առնչություն չունեցող ցուցմունքներ ստանալու համար։ Վկան հաստատեց, որ տեղի է ունեցել պարտավորությունների զիջում, ինչի արդյունքում տրամադրված վարկերը հետ պահանջելու բանկի իրավունքները փոխանցվել են նախ Արցախի կառավարությանը, ապա՝ Արցախի ներդրումային հիմնադրամին։ Գործը քննող մարմինը, մինչդեռ, պնդում է, որ դա պարտավորությունների ներում է, հետևաբար, ըստ նրա վարկածի, առաջացել են հարկային պարտավորություններ, որոնք չեն կատարվել, այդ միջոցները ծախսվել են, և առաջացել է փողերի լվացում որակվող իրավիճակ։
Բայց կան փաստաթղթեր, կառավարության և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումներ, որոնցում խոսքը զիջման մասին է, և հարկային պարտավորություն չէր կարող առաջանալ։
Մեղադրող կողմը փորձում է ամեն կերպ խեղաթյուրել էությունը և Սամվել Կարապետյանին մեղադրում է նրանում, թե նա իբր կազմակերպել է ներգրավված բոլոր անձանց գործողությունները։ Այս բոլոր մեղադրանքները որևէ ապացույցով հիմնավորված չեն։ Սամվել Կարապետյանը սրա հետ որևէ առնչություն չունի, սա քաղաքական հետապնդում է»,- նշեց փաստաբանը։
Նրա գնահատմամբ՝ վկայի հարցաքննությունն անցկացվել է Քրեական դատավարության օրենսգրքի խախտմամբ։











