Ռուսաստանը Հայաստանի և Վրաստանի անվտանգության երաշխավորն է։ Նման կարծիք է հայտնել վրացի քաղաքական գործիչ, «Համերաշխություն հանուն խաղաղության» կուսակցության առաջնորդ Մամուկա Պիպիան՝ պանելային քննարկման ընթացքում անդրադառնալով «3+3» ձևաչափին։
«Տարածաշրջանում Ռուսաստանի ներկայությունը Հայաստանի և Վրաստանի համար երաշխիք է, որ այլ երկրներ քաղաքական ու տնտեսական ճնշում չեն գործադրի, չեն փորձի մեզ իրենց հարմարեցնել, ինչպես հիմա է տեղի ունենում․ նման փորձեր կան թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի նկատմամբ», — նշել է Պիպիան։ Որպես օրինակ՝ նա մատնանշել է ադրբեջանական կողմի պահվածքը սահմանամերձ եկեղեցական համալիրների հարցում։
Քաղաքական գործչի խոսքով՝ բոլորն են հասկանում, որ եթե մենակ մնանք ավելի ուժեղ հարևանների դեմ, ապա չենք կարողանա գոյատևել։ Պետք է միասնական լինել, պահպանել մշակույթը, պատմությունն ու եկեղեցին, ընդգծել է Պիպիան՝ նկատելով, որ Հայաստանում հարձակումներ են տեղի ունենում եկեղեցու դեմ։ «3+3» ձևաչափը լավ է, բայց միայն այն դեպքում, երբ անվտանգության երաշխավորը լինի Ռուսաստանը։ Այդ դեպքում հնարավոր կլինի 50 տարի առաջ նայել, կարծում է քաղաքական գործիչը։











