Հունիսի 5-ին եւ 6-ին տեղի կունենա շատ հազվադեպ աստղագիտական երեւույթ՝ Վեներայի անցումն Արեգակի սկավառակի վրայով. բնության այդ զարմանահրաշ երեւույթը հաջորդ անգամ կդիտվի արդեն 22-րդ դարում՝ 2117թ.:

Երկրային դիտորդի համար մի քանի ժամվա ընթացքում Վեներայի մուգ սկավառակը (մոտ 1 անկյունային րոպե տրամագծով) կտեղաշարժվի Արեգակի սկավառակի վրայով (տրամագիծը՝ մոտ 30 աղեղնային րոպե): Այն կսկսվի Գրինվիչի ժամանակով (UTC) հունիսի 5-ին ժամը 22:09 եւ կավարտվի հունիսի 6-ին ժամը 04:49 (UTC): Անցումն ամբողջությամբ տեսանելի կլինի Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում, Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արեւմտյան հատվածում, հյուսիս-արեւմտյան Ասիայում, Ճապոնիայում, Ֆիլիպիններում, Արեւմտյան Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Սկանդինավիայի հյուսիսային մասերում, Իսլանդիայում, Գրենլանդիայում: Անցման սկիզբը կդիտվի հունիսի 5-ին՝ մինչ արեւամուտը Հյուսիսային Ամերիկայում, Հարավային Ամերիկայի հյուսիս-արեւմտյան մասում:

Հունիսի 6-ին՝ արեւածագից սկսած, անցումը կդիտվի Հարավային Ասիայում, Միջին Ասիայում, Աֆրիկայի արեւելյան շրջաններում եւ Եվրոպայի մեծ մասում: Հայաստանում նույնպես Վեներայի անցումը կդիտվի հունիսի 6-ին՝ արեւածագից (Երեւանի ժամանակով 05:32) մինչ Երեւանի ժամանակով 08:54-ին: Քանի որ Վեներան Արեգակնային համակարգի ներքին մոլորակ է (դրա ուղեծիրը գտնվում է Երկրի եւ Արեգակի միջեւ), Երկրից հնարավոր է դիտել դրա անցումը Արեգակի սկավառակի վրայով. հսկա լուսատուի սկավառակի վրա մոլորակը կերեւա որպես փոքրիկ սեւ կետ: Վեներայի անցումը Արեգակի սկավառակի վրայով տեղի է ունենում, երբ իր ուղեծրով շարժվելիս այն անցնում է Երկրի եւ Արեգակի միջով: Սա Արեգակի խավարման նման երեւույթ է, երբ Լուսինն է ծածկում Արեգակի սկավառակը, եւ քանի որ Վեներայի սկավառակը երկնքում ավելի փոքր է, այն Արեգակի միայն մի չնչին մասն է ծածկում, եւ ավելի դանդաղ է շարժվում Արեգակի սկավառակի վրայով, քանի որ այն շատ ավելի հեռու է Երկրից: Վեներայի անցումը Արեգակի սկավառակի վրայով ամենահազվադեպ տեղի ունեցող կանխատեսելի աստղագիտական երեւույթներից մեկն է: Մոտ 250 տարում դիտվում է 4 այսպիսի երեւույթ՝ երկու դեկտեմբերյան եւ երկու հունիսյան: Արեգակի սկավառակի վրայով Վեներայի անցումները հանդես են գալիս զույգերով, որոնք իրարից բաժանված են 8 տարով: Նախորդ անցումը տեղի է ունեցել 2004թ. հունիսի 8-ին եւ Երեւանում երեւացել է ամբողջությամբ՝ մոտ 6 ժամ տեւողությամբ, իսկ հաջորդ զույգ անցումները տեղի կունենան 2117թ. եւ 2125թ.:

Առաջին անգամ Վեներայի անցումը Արեգակի սկավառակի վրայով դիտել է անգլիացի աստղագետ Երեմիա Հորոքսը 1639թ. դեկտեմբերի 4-ին: Արեգակի սկավառակի վրայով Վեներայի անցումները պատմականորեն ունեցել են մեծ գիտական նշանակություն. դրանց օգնությամբ որոշվել են Արեգակնային համակարգի չափերը, 1639թ. դիտումների հիման վրա հաշվարկվել է Արեգակի եւ Երկրի հեռավորությունը, որը մինչ այդ ժամանակն արված ամենաճշգրիտ հաշվարկն էր: 2012թ. անցումը նույնպես գիտնականներին թույլ կտա կատարել մի շարք հետազոտություններ, որոնք կարեւոր են արտաարեգակնային մոլորակների հետագա որոնումների եւ դրանց չափերի որոշման համար, Վեներայի մթնոլորտի մանրակրկիտ ուսումնասիրությունների համար եւ այլն:  Վեներան երկնակամարի ամենապայծառ «աստղն» է, որն իր անունը ստացել է հռոմեական Վեներա աստվածուհու պատվին, ով գեղեցկության եւ սիրո աստվածուհին էր: Հնում հայերն այս մոլորակը կոչել են Արուսյակ: Վեներան Արեգակնային համակարգի 2-րդ մոլորակն է, եւ այն հաճախ անվանում են Երկրի “քույրը”, քանի որ այս երկու մոլորակները շատ նման են իրար զանգվածներով, ձգողության ուժով եւ բաղադրությամբ: Երկրանման մոլորակների շարքում Վեներան ամենախիտ մթնոլորտ ունեցող մոլորակն է. դրա մթնոլորտը կազմված է հիմնականում ածխաթթու գազից: Այս գեղեցիկ մոլորակն ունի եւս մեկ առանձնահատկություն. սովորաբար բոլոր մոլորակներն իրենց առանցքի շուրջ պտտվում են միեւնույն ուղղությամբ /ինչպես Երկիրը` արեւմուտքից արեւելք/, իսկ Վեներան՝ հակառակ: Այս երեւույթը պարզաբանվում է մի քանի վարկածներով, սակայն դրանցից ոչ մեկն էլ սպառիչ բացատրություն չի տալիս: 2012թ. Վեներայի անցումը շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն գիտնականների համար. այս երեւույթը պատրաստվում են դիտել նաեւ շատ սիրող աստղագետներ աշխարհի տարբեր ծայրերում: Այս երեւույթին չի կարելի հետեւել անզեն աչքով կամ որեւէ այլ օպտիկական սարքով. անհրաժեշտ են համապատասխան պաշտպանիչ ակնոցներ, իսկ օպտիկական սարքերի համար՝ հատուկ պաշտպանիչ սարքավորումներ: Վեներայի անցման վերաբերյալ տեսանյութ կարելի է դիտել YouTube կայքում: