Ուկրաինայի խորհրդարանի` Գերագույն ռադայի դիմաց զանգվածային հուզումներ են սկսվել` կապված խորհրդարանում ռուսերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ շնորհելու մասին օրինագծի առաջին ընթերցմամը նդունելու հետ:

Ինչպես հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը, ոստիկանները փորձել են ցրել օրինագծի դեմ բողոքող ցուցարարներին: Հատուկ նշանակության «Բերկուտ» ջոկատի անդամները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել:

Ցուցարարները սպառնում են բողոքի զանգվածային ակցիաներ կազմակերպել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ, որը Ուկրաինայում եւ Լեհաստանում մեկնարկում է հունիսի 8-ին:

Հիշեցնենք, որ այսօր` հունիսի 5-ին, Ուկրաինայի Գերագույն ռադան առաջին ընթերցմամբ ընդունել է երկրում լեզվական պետական քաղաքականության հիմքերին վերաբերող օրինագիծը, որի շուրջ նախորդ քննարկումների ժամանակ մեծ ծեծկտուք էր տեղի ունեցել խորհրդարանում: Սա լուրջ հակազդեցություն է առաջացրել հասարակության եւ ընդդիմության շրջանում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ուկրաինայի խորհրդարանում, մայիսի 24-ին, ռուսաց լեզվին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալու օրինագծի քննարկման ժամանակ պատգամավորները ծեծկռտուք են սարքել:

Ընդդիմադիր «Մեր Ուկրաինան-Ժողովրդական ինքնապաշտպանություն» եւ «ԲՅՈՒՏ-Բատկիվշչինա» խմբակցությունների պատգամավորները փորձել են հասնել խորհրդարանի նախագահություն, որը հսկելիս են եղել իշխող Տարածաշրջանների կուսակցության պատգամավորները: Արդյունքում քաշքշուկ է սկսվել:

Սկսված ծեծկռտուքի ժամանակ տուժել էր «ԲՅՈՒՏ-Բատկիվշչինա» խմբակցության պատգամավոր Պավել Կոստենկոն, որին իշխող խմբակցության անդամները գլխիվայր ցած են նետել նախագահությունից:

Ծեծկռտուքի ժամանակ պատռվել էր Տարածաշրջանների կուսակցության անդամ Դմիտրի Շենցեւի եւ Վադիմ Կոլեսնիչենկոյի հագուստը, վերջինս օրինագծի հեղինակներից մեկն է: