Վանաձորի տնակային առափնյա թաղամասը Չուխաջյան փողոցին կապող կամուրջն արդեն մեկ տարի է, ինչ գտնվում է քարուքանդ վիճակում: Կամրջով օրական անցնում են հարյուրավոր մարդիկ, փոքր երեխաներ, որոնք ամեն անգամ մեծ ռիսկի են դիմում, քանի որ կամուրջի վրա միայն երկաթե կոնստրուկցիաներն են պահպանվել, մնացած մասը կոտրվել ու լցվել է գետը:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում նշված թաղամասի բնակիչները պատմեցին, որ իրենք բազմիցս խնդրել են քաղաքապետարանին, որպեսզի նորոգեն կամուրջը, սակայն անօգուտ, պատճառաբանել են, որ բյուջեում գումար չկա, բնակիչներն էլ ստիպված իրենց ձեռքի տակ ընկած մետաղյա թիթեղով փակել են կամուրջը` երեխաներին այսկերպ արգելելով անցնել հակառակ փողոց:

Շուրջ 4-6 մետր բարձրություն ունեցող կամուրջը, որն անցնում է Տանձուտ գետի վրայով, բնակիչների հաշվարկներով շուրջ 500 հազար դրամով կարող է կարգի բերվել, բնակիչները եւս պատրաստակամ են ներդրումներ անել, թեեւ սոցիալապես անապահով ու տնակային պայմաններում ապրող  ընտանիքներ են:

Նրանց փոխանցմամբ, եղել են դեպքեր, երբ փլված կամուրջի վրայով անցնելիս մարդ է գետն ընկել ու վնասվել: «Եթե մի կամուրջ սարքելու փող չունեն, վաղը որ մարդ ընկավ մեռավ, թաղման փող կունենա՞ն: Թե՞ Հայաստանում չկան մեծահարուստներ, որ փող դնեն ու սարքեն»,-դժգոհում են տնակային ավանի բնակիչներն ու հավելում, որ ակտիվորեն մասնակցել են ընտրություններին, հույս ունենալով, որ ընտրություններից հետո կրկին իրենց կհիշեն, սակայն հիմա իրենք իրենց անտեսված ու արհամարված են զգում բոլոր մարմինների կողմից:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանն ասաց, որ կամուրջն առաջիկայում կնորոգվի: «Նախագիծ նախահաշիվ արված է, բյուջեից գումարները հատկացված են»,-վստահեցրեց Մելիքյանը:

Լուսանկարները եւ տեսանյութը` Էդվարդ Արզումանյանի