Լոռիի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ երեկ` հուլիսի 2-ին, Վանաձորի Հայքի հրապարակում տեղի ունեցած դանակահարության փաստի առթիվ: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հովածի 4-րդ մասի հատկանիշներով` (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է առանձնակի դաժանությամբ):

Ըստ ոստիկանության, գործով դեռեւս ձերբակալվածներ չկան:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Վանաձոր քաղաքում, հուլիսի 2-ի գիշերը, ժամը 02:30-ի սահմաններում, Հայքի հրապարակում, քաղաքապետարանի շենքի հենց դիմաց դանակահարություն է տեղի ունեցել:

Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձորի բաժին հաղորդում է ստացվել, որ  կրծքավանդակի աջ կեսի կտրած ծակած վերքով, քերծվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 29-ամյա Լաերտ Ավագյանը: Նրա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր եւ նրան անմիջապես տեղափոխել են Երեւանի Միքաելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ, որտեղ նրան վիրահատել են: Լաերտ Ավագյանը միջազգային կարգի սամբիստ է, խոսակցությունների համաձայն նա նաեւ բարեկամական կապի մեջ է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ:

Լուսանկարները եւ տեսանյութը` Էդվարդ Արզումանյանի