Լոռիի մարզում այսօր` հուլիսի 10-ին, հերթական քարաթափումն է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 18:00-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին` Ֆիոլետովո գյուղի տարածքում մեծ քանակությամբ ժայռաբեկորներ են պոկվել եւ թափվել ճանապարհին, այն դարձնելով միակողմանի երթեւեկելի:

Ականատեսների պատմելով, քարաթափմանը նպաստել է տեղացած հորդառատ անձրեւը, թուլացնելով ու պոկելով քարերը:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի երկրորդ դասակի աշխատակիցները, որոնց շնորհիվ էլ ճանապարհից հեռացվել են թափված քարերը:

Լուսանկարները եւ տեսանյութը` Էդվարդ Արզումանյանի