Հորդառատ անձրեւներն արդեն մի քանի օր է, ինչ լուրջ վնասներ են հասցնում Լոռիի եւ Տավուշի մարզերին, առաջացնելով հեղեղումներ: NEWS.am-ի Լոռիի թղթակցի տեսախցիկն, այսօր`հուլիսի 10-ին, երեկոյան ժամը 18:00-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 28-րդ կիլոմետրում զարմանալի պատկեր է արձանագրել:
Անտառից մեծ քանակությամբ ջուր է թափվել ներքեւ` դեպի ճանապարհ, իր հետ քշել բերելով մեծ ծառեր ու քարեր: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ հեռախոսազրույցում ճանապարհային ոստիկաններն ու մարզպետարանի աշխատակիցները դժվարացան որեւէ հստակ բան նշել, թե իրականում ինչ է դա, չպատկերացնելով, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը: Ճանապարհով երթեւեկող վարորդները եւս զարմացած էին հեղեղումներից, նրանց փոխանցմամբ իրենք երբեւէ նման բան չեն տեսել:
Սարից թափվող ջուրն իր հետ բերած քարերի եւ հողազանգվածի հետ միասին թափվել լցվել է ճանապարհի տակով անցնող թունելը, որը միացված է գետակին, ու չի բացառվում, որ սարի վրա հեղեղատար լինի:
NEWS.am-ը առաջիկայում կփորձի մանրամասներ պարզել ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Լուսանկարները եւ տեսանյութը` Էդվարդ Արզումանյանի











