Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն իր տեսաբլոգում պատմել է ԱՄՆ Անկախության օրը` հուլիսի 4-ին, դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասին:
Տոնը նշվել է երաժշտությամբ, ավանդական խորովածով եւ հրավառությամբ, ներկա են եղել բազմաթիվ հյուրեր, այդ թվում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Ինձ համար շատ հաճելի էր այդ տոնը նշել իմ բազմաթիվ հայ եւ ամերիկացի գործընկերների հետ: Հատկապես շնորհակալ եմ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, ինձ հետ միասին ներկաներին ողջունելու եւ իր բարի խոսքերի համար»,-նշել է դեսպանը:
Նա նաեւ հիշեցրել է, որ այս տարի Հայաստանն ու ԱՄՆ-ը նշում են երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 20-ամյակը:
«ԱՄՆ պետքարտուղարն արդեն երկու անգամ եղել է Հայաստանում, ինչը մատնանշում է, որ Օբամայի վարչակազմը մեծապես կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունները»,-ասել է Հեֆերնը:
Նրա խոսքով, Հայաստանն ու ԱՄՆ-ը շատ առիթներ ունեն հպարտանալու այդ հարաբերություններով:











