Հուլիսի 18-ին Վանաձոր քաղաքում 55-ամյա Աֆդանդիլ Կիրակոսյանին վրաերթի ենթարկած մեքենան դեռեւս չի հայտնաբերվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ականատեսների պատմելով մեքենան եղել է Opel-Vectra մակնիշի: 58-ամյա տղամարդը փողոցն անցել էր, որպեսզի մոտակա հացի փռից հաց գներ, այնուհետ երբ դուրս էր եկել, տեղի էր ունեցել պատահարը: Մահացածը նախկինում զինվորական է եղել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հուլիսի 18-ին մահվան ելքով հերթական վրաերթն է տեղի ունեցել Վանաձորում: Ժամը 21:30-ի սահմաններում անհայտ մեքենայի վարորդը  Երեւանյան խճուղու վրա` «Աֆինա» հանդիսությունների սրահի դիմաց վրաերթի է ենթարկել Աֆթանդիլ Կիրակոսյանին, ով տեղում մահացել է: Վրաերթի ենթարկողը տուժածին թողնելով անօգնական վիճակում, դեպքի վայրից դիմել է փախուստի:

Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողություններ՝ հայտնաբերելու համար մահվան ելքով վրաերթ կատարած եւ փախուստի դիմած վարորդին ու նրա մեքենան:

Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները՝ հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի եւ դասակի հրամանատար ԿարենԲոյաջյանի գլխավորությամբ:

Տեղում են նաեւ Ոստիկանության Բազումի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Մաղաքյան գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաեւ ոստիկանության Լոռիի մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը:


Լուսանկարները եւ տեսանյութը` Էդվարդ Արզումանյանի