Լատվիական Յուրմալա քաղաքում ընթացող «Նոր ալիք-2012» փոփ երաժշտության երիտասարդ կատարողների 11-րդ Միջազգային մրցույթի մրցութային առաջին օրվա արդյունքներով Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Առուստամյանն զբաղեցրել է 8-րդ տեղը`հավաքելով 92 բալ:

Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցում են 16 կատարողներ 14 երկրներից: Հուլիսի 25-ին` մրցույթի առաջին օրը, Յուրմալայում համաշխարհային հիթեր էին հնչում: Առուստամյանը ելույթ է ունեցել Էրիկ Քլեփթոնի «Change The World» երգով:

Առաջին օրվա առաջատարն է Ուկրաինայի ներկայացուցչուհի Մաիա Յարեմչուկը, որը 99 հնարավոր բալից հավաքել է 97-ը: Երկրորդ եւ երրորդ տեղերում են Լատվիայից «Framest» խումբը եւ Իտալիայից Կոստանցո Դել Պինտոն, որոնք հավաքել են 96 բալ: Իսրայելից Այալա Էլիգոոլան չորրորդ տեղում է: 

Համաշխարհային հիթեր են կատարել նաեւ «Բուրանովյան տատիկները», Տիմատին, Ալսուն, Լարիսա Դոլինան, Ալեքսեյ Չումակովը,  «Սերեբրո» խումբը, Ալեքսանդր Մարշալը, Իրինա Դուբցովան,  «Quest Pistols» խումբը, Թիմուր Ռոդրիգեզը եւ  երեկոյի հատուկ հյուր Րիկ Էսթլին: Համերգին մասնակցել է նաեւ  «Մանկական նոր ալիք 2011»-ի հաղթող Անդրանիկ Ալեքսանյանն Ուկրաինայից: 

Մրցույթի մասնակիցները մրցում են երեք կատեգորիաներում` «երկրի հիթ», «համաշխարհային հիթ» եւ օրիգինալ երգ: Այս տարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո, որոնցից 50 հազար եվրոն առաջին տեղի համար է, 30 հազարը` երկրորդ, 20 հազարը` երրորդ: