Ամառային հանգիստն Հայաստանում անցկացնելու համար երեկ` օգոստոսի  21-ին  երեկոյան ժամանել է սիրիահայ երեխաների երրորդ խումբը: Երկու ինքնաթիռով Հայաստան է եկել մոտ 150 երեխա:

Օդանավակայանում սիրիահայ, մասնավորապես հալեպահայ, երեխաներին դիմավորելու էին եկել բազմաթիվ պաշտոնյաններ, այդ թվում` Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` նախարարության մի շարք աշխատակիցներով, Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը եւ այլք: Հալեպահայ երեխաներին «բարի գալուստ» մաղթելու համար օդանավակայանում էին գտնվում Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում հանգստացող դամասկոսահայ երեխաները, որոնք շուտով պետք է վերադառնան Դամասկոս: Հալեպահայ երեխաներին դիմավորելու էին եկել նաեւ նրանց` այստեղ գտնվող բարեկամները, ընկերները եւ ծանոթները:

Մինչեւ երեխաների ժամանումը դամասկոսահայ երեխաները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ Հայաստանում շատ լավ ժամանակ են անցկացրել, լավ հանգստացել են, այցելել են հետաքրքիր վայրեր եւ կցանկանան նորից այցելել Հայաստան: Միեւնույն ժամանակ, նրանք շեշտեցին, որ կցանկանային վերադառնալ Դամասկոս, քանի որ կարոտել են իրենց ընտանիքի անդամներին: Անդրադառնալով Դամասկոսում տիրող վիճակին` երեխաները նշեցին, որ ամեն ինչ հանգիստ է, որեւէ վտանգ չկա, կռիվները իրենցիցի հեռու եւ միայն ձայներն են լսվում:

Հալեպահայ երիտասարդներին հավաքվածները դիմավորեցին ծափողջյուններով: Նրանցից ոմանք առաջին անգամ էին գալիս Հայաստան եւ այդ առիթով շատ ուրախ էին, ոմանք` բազմիցս եղել էին Հայաստանում եւ արդեն հասցրել էին կարոտել հայրենիքը: Երեխաները նշեցին, որ շատ կցանկանային զբոսնել Երեւանում, տեսնել Հանրապետության հրապարակը, այցելել Սեւան, Հայաստանի պատմամշակութային վայրեր, իսկ տղաները ցանկանում էին բարձրանալ Արարատ լեռը: Անդրադառնալով Հալեպում տիրող իրավիճակին` հալեպահայ երեխաները հույս հայտնեցին, որ այնտեղ տիրող իրավիճակը կկարգավորվի:

Հալեպահայ երեխաներին դիմավորողները եւս ուրախ էին նրանց տեսնել Հայաստանում, ոմանք չբացառեցին, որ ճամբարից հետո երեխաներին գուցե կպահեն Հայաստանում: «Երեխաները գոհ են, էքսկուրսիաներ են անցկացվում տարբեր տեսարժան վայրերով, շփվում են իրենց հասակակիցների հետ, մշակութային համերգներ են տեղի ունենում, ընդամենը ամառայաին երկուշաբաթյա հանգիստ է, որը Հայաստանի Կառավարությունը կազմակերպել է մասնավոր հատվածի հետ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վաչե Տերտերյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը  օգոստոսի 2-ի նիստի ժամանակ 9 միլիոն դրամ (մոտ 22 հազար դոլար)  է հատկացրել Տարածքային կառավարման նախարարությանը` սիրիահայ երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու համար: Մինչ օգոստոիս 21-ը, Սիրիայից Հայաստան էր ժամանել երեխաների երկու խումբ: Առաջինը` Դամասկոսից Հայաստան էր ժամանել շուրջ 120 երեխա, երկրորդ խումբը` Հալեպից շուրջ 150 երեխա եւ երրորդ խումբը եւս Հալեպից` շուրջ 150 երեխա: Սիրիահայ երեխաները հանգստանում են Հանքավանի «Լուսաբաց» եւ «Հասմիկ» ճամբարներում: Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ Դամասկոսից ժամանած երեխաների հանգիստը ավարտվելու է օգոստոսի 23-ին, Հալեպից ժամանած առաջին խմբի երեխաներինը` օգոստոսի 28-ին, իսկ Հալեպից ժամանած երկրորդ խմբի երեխաների հանգիստը` սպետեմբերի 4-ին:  Հանգստի ավարտից հետո, ինչպես նշեց Վաչե Տերտերյանը, երեխաները կուղարկվեն Սիրիա: