Հայաստանը այս պահին պատերազմական վիճակում է Ադրբեջանի հետ եւ Ռամիլ Սաֆարովի հետ կապված դավադրությունը անմիջականորեն կապված է Ադրբեջանի ռազմական նպատակների հետ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց հունգարացի հայագետ Զիգմունդ Բենեդեկը` անդրադառնալով Հունգարիայի Կառավարության` հայ սպային գիշերը կացնահարելու համար ցմահ ազատազրկման ենթրակված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելուն: Նրա խոսքով` հայերը պետք է հասկանան, որ Սաֆարովի հետ կապված այս ամբողջ գործարքը ադրբեջանցիների կազմակերպած սադրանքն է: Այս ամենից հետո Հայաստանի` Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելը նրա համար անակնկալ չէր, «այլ տրամաբանակն քայլ»:
Հունգարացի հայագետը մեկ անգամ եւս շեշտեց, որ իրենց Կառավարությունը դրդված է գնացել այդ քայլին` ելնելով երկրի ծանր ֆինանսական կացությունից եւ առաջացած խնդիրները լուծելու համար Ադրբեջանի խոստացած 3 մլրդ դոլարից, բայց միեւնույն ժամանակ, նշեց, որ իրենց Կառավարությունը սխալ է արել եւ դատապարտում է այդ քայլը:
Զիգմունդ Բենեդեկի խոսքով` ինքը այստեղ խոսում է հունգար ժողովրդի անունից, ոչ թե կառավարության, բայց միեւնույն ժամանակ նա նշեց, որ Հունգարիայի իշխանությունը լեգիտիմ է: «Հունգարիան 2002թ-2010թթ ունեցել է այնպիսի մի կառավարություն, որ թալանել է ամբողջ Հունգարիան եւ հասցրել այս վիճակին: Հունգարիայում էլ կան «լեւոնականներ» եւ «սերժականեր», Հունգարիայում բոլոր սերժականները ընտրել են Լեւոն Տեր-Պետրոսյանին, որովհետեւ ուրիշ ընտրանք չկա, բոլորը կողմ էին, որ այսօրվա կառավարությունը ընտրվի, որովհետեւ մեծ ճգնաժամ էր, բայց կառավարության այս երկու տարվա կատարված մի շարք քայլերի հետ ժողովուրդը համաձայն չէ»,- նշեց նա:
Նրա խոսքով` թեեւ Հունգարիայի այս կառավարությունը մինչեւ հիմա լեգիտիմ է, բայց ժողովրդի մի մասը բողոքում է նրա դեմ` մի շարք քայլերի պատճառով:
Խոսելով հունգար եւ հայ ժողովոուրդների բարեկամությունից` նա նշեց, որ այս ամբողջ գործընթացը ցույց է տվել, որ հունգար ժողովուրդը բոլոր հարցերում հայ ժողովրդի կողքին է: Իսկ թե ինչու հայերին այդքան հարազատ համարող մի ժողովուրդ չի ընդունել Հայոց Ցեղասպանությունը, ապա Զիգմունդ Բենեդեկի խոսքով, Հունգարիայի այսօրվա կուսակցության մի պատգամավոր ամեն տարի հնչեցնում է Ցեղասպանության փաստը Հունգարիայի խորհրդարանում եւ ամեն անգամ այդ բառը արձանագրվում է փաստաթղթերում, եւ այդ ուղղությամբ հիմիկվա կոալիցիան աշխատում է:
Ավելի վաղ NEWS.am-ն հաղորդել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր հրամանագրով ներում է շնորհել 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, վերջինիս Հունգարիայից Ադրբեջան տեղափոխվելուց անմիջապես հետո։
Սաֆարովին մեղադրանք էր առաջադրվել Հունգարիայի Քր.օր.-ի 166.2 (Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում) հոդվածով: Սաֆարովը 2006թ. ապրիլի 13-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առանց 30 տարի ներման իրավունքի: Հունգարիայի Վերաքննիչ դատարանը 2007թ. փետրվարի 22-ին անփոփոխ էր թողել դատավճիռը:
Օգոստոսի 31-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական կապերի կասեցման մասին
Նշենք, որ հունգարական լրատվամիջոցները եւս գրել էին, որ Ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը կարող էՀունգարիայի եւ Ադրբեջանի կառավարությունների միջեւ 3 մլրդ եվրո արժողությամբ գաղտնի գործարքի մաս լինել:











