Pussy Riot-ի շուրջ սկանդալում է հայտնվել նաեւ ֆրանսիացի երգչուհի Միրեյ Մաթիեն: Նա պնդում է, որ ՏՎ «Ցենտր» հեռուստաալիքը գրաքննության է ենթարկել իր հարցազրույցի այն հատվածը, որում նա խոսել է փանք խմբի աղջիկների մասին:

ՏՎՑ հեռուստաալիքի ղեկավարությունը խոստովանել է, որ հարցազրույցի այդ հատվածը սխալ է թարգմանվել եւ ներողություն խնդրել երգչուհուց` խոստանալով պատժել մեղավորին: Հեռուստաալիքի գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Մոստովոյը հավելել է, որ թարգմանության մեջ անճշտությունները հայտնաբերելուց հետո դրանք անմիջապես ուղղվել են եւ կայքում կա ճիշտ տարբերակը:

«Կոմերսանտ-Online»-ի տվյալներով, երիտասարդ լրագրող Ալեքսանդրա Գլեբովան երգչուհուց հարցրել է, թե որպես քրիստոնյա ինչ է մտածում  Pussy Riot-ի ակցիայի մասին: Կաթոլիկ Մաթիեն վստահեցնում է, որ ինքն ասել է հետեւյալը. «Կարծում եմ, աղջիկներն այնքա էլ չեն գիտակցել` ինչ են անում, քանի որ եկեղեցին ցույցերի անցկացման վայր չէ: Եկեղեցին աղոթավայր է, եւ դա սրբապղծություն է»:

Ցանցում տեղադրված հարցազրույցում այդ խոսքերը համաժամանակյա կարգով հնչում էին այսպես. «Կարծում եմ, նրանք անմեղսունակ են, ես դատապարտում եմ նրանց գործողությունները: Եկեղեցին նման ակցիաների անցկացման վայր չէ: Եկեղեցին եղել է եւ կլինի այն վայրը, որտեղ մարդիկ գալիս են աղոթելու, հոգիները մաքրելու: Դա սրբավայր է, որը պետք է հարգել, հատկապես` ռուսական եկեղեցիները, դրանցում այնքան ջերմություն է զգացվում»: Այսքանով Pussy Riot-ի մասին խոսքը եթերում ավարտվում էր:

Երգչուհին պնդում է, որ հետո շարունակել է հետեւյալ խոսքերով. «Բայց իբրեւ կին, իբրեւ արտիստ եւ քրիստոնյա, ներում եմ խնդրում այդ երեք աղջիկների համար»: Նրա այս խոսքերը եթերից հանվել էին, իսկ Ֆրանսիա հասած գրաքննության ենթարկված հարցազրույցը ֆրանսիական մամուլում քմծիծաղ էր առաջացրել, Մաթիեին մեղադրել էին նրանում, որ Կարմիր հրապարակի համերգների ընթացքում հասցրել է բարեկամանալ ռուսական իշխանությունների հետ:

Միրեյ Մաթիեի բացատրություններից հետո AFP-ի լրագրողները կապվել էին ՏՎՑ-ի լրագրողների հետ: Նրանց խոսքով` իրենց հետ զրուցած Վլադիսլավ Շեկոյանը վստահեցրել է, որ հարցազրույցը ներման մասին խոսքեր չի բովանդակել: Ավելի ուշ Le Figaro-ի հետ զրույցում նա խոստովանել է, որ խոսքերն ասվել են, բայց ջնջվել են  «երիտասարդ լրագրողուհու» ձեռքով, որը կհեռացվի եթերից: