Հավերժական հարց է. ինչո՞ւ են կարծես թե հավասար պայմաններում գտնվողներից ոմանք հարուստ, մյուսները` աղքատ: Օրինակ, որեւէ կոնկրետ գյուղի դեպքում, երբ մեկնարկային դիրքերը, սեփականաշնորհումից հետո, սկզբունքորեն հավասար էին: Հենց այս թեման  դարձավ քննարկման առարկա Վայոց Ձորի մարզում:

Սկզբում նշենք, որ Վայոց Ձորն աղքատ մարզերի թվում չէ. 2010թ. տվյալներով, աղքատության մակարդակը կազմել է 37,1%` միջին 35,8% ցուցանիշի պարագայում: Իսկ, օրինակ, Շիրակի մարզում  աղքատության մակարդակը 48,3% էր, Արարատում` 42,4%:

...Մարզի Արենի գյուղում հյուրընկալվեցինք գեղեցիկ եւ խնամված առանձնատան եւ այգու սեփականտեր Հայկ Ոսկանյանին, ով ծանոթացրեց իր տնտեսության հետ (ֆոտոռեպորտաժ): Բակում նաեւ ժամանակակից մինի-տրակոտոր կար, որը նա ձեռք էր բերել լիզինգով:

Ո՞րն է ֆերմեր Հայկ Ոսկանյանի հաջողության գաղտնիքը: Նա ինքն ասում է, որ տնտեսությունը հաջող վարելու համար անհրաժեշտ է սեր աշխատանքի, հողի նկատմամբ: Նա համոզված է,  որ հողն ինքն է թելադրում,  թե ինչպես պետք է մշակել:

Սակայն ինչո՞ւ են ներկայումս շատ գյուղացիներ ապրում աղքատության մեջ: Հայկի պատասխանը լակոնիկ է` չկա սեր աշխատանքի, հողի նկատմամբ: Թեեւ կա նաեւ մեկ այլ բան. ինչ- որ մեկը, օրինակ, չմտածված կերպով վարկ է վերցնում, այն ոչ ճիշտ օգտագործում եւ արդյունքում հայտնվում է պարտքերի տակ:

Նա կարծում է, որ Հայաստանում հողերի սեփականշնորհումը սխալ է կազմակերպվել: Պետք էր նախապես պայմանագիր կքնել, որ եթե հողն ինչ-որ ժամանակ չի օգտագործվում,  ապա վերցվում է նման «ֆերմերից»: Թեեւ սովխոզային անցյալի համեմատ` Արենիում մշակվող հողերի ծավալն ավելացել է:

Կարեւոր է  նաեւ մասնագետ գյուղատնտեսների մշտական օգնությունը: Ընդ որում` գյուղատնտեսը պետք է ոչ թե ընդհանուր, այլ կոնկրետ` յուրաքանչյուր հողամասի համար խորհուրդ տա: Ներկայումս ողջ մարզի համար մեկ գյուղատնտես է աշխատում: Ելքը միանշանակ է` անհրաժեշտ է ավելացնել գյուղատնտեսների թիվը:

Գյուղերում խնդիրները քիչ չեն, եւ դրանք բնորոշ են ոլորտին ընդհանրապես: Օրինակ, արոտավայրերի բացակայությունն Արենիում զսպում է  անասնապահության զարգացումը:

Ստացվում է յուրօրինակ փակ շղթա.  գործունեության ծավալներն ավելացնելու համար ֆերմերին գումար է անհրաժեշտ, սակայն արտադրության փոքր ծավալը  նման հնարավորություն չի տալսի, իսկ վարկ վերցնելը ռիսկային է: Տեղականքի համար նշենք, որ գյուղատնտեսության  ՀՆԱ-ում մեկ ֆերմերային տնտեսությանն ընկող ծավալն անցած տարի միջինը կազմել է շուրջ 2,6 մլն դրամ: