Վրաստանի ՆԳՆ-ն սեպտեմբերի 26-ին հրապարակել է Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի առաջնորդներ Գուբազ Սանիկիձեի եւ Կախա Քալաձեի հեռախոսազրույցները քրեական հեղինակությունների հետ:
Վրաստանի ՆԳՆ-ի հաղորդագրությունում ասվում է, որ 2012թ. սեպտեմբերի 23-ին ձերբակալվել էր Դավիթ Խիզանիշվիլին, որը գործել էր «օրենքով գող» Լաշա Շուշանաշվիլիի առաջադրանքով: Նրան հանձնարարվել էր իր ստեղծած կազմակերպված հանցավոր խմբավորման ուժերով, սպառնալիքների եւ վախեցնելու եղանակով ընտրողների վրա ճնշում գործադրել քաղաքական կուսակցություններից մեկի օգտին:
Ինչպես հայտնում է «Նովոստի-Գռուզիան», ՆԳՆ-ն իր պաշտոնական կայքում Դավիթ Խիզանիշվիլիի հեռախոսազրույցների մի շարք ձայնագրություններ է տեղադրել, որոնք ապացուցում են վերոնշյալը:
Բացի այդ, ՆԳՆ-ն հրապարակել է Կախա Քալաձեի (որի անունը «Վրացական երազանք» դաշինքի ցուցակում առաջինն է) եւ դրսից եկած քրեական հեղինակությունների հանդիպման ձայնագրությունը:
«Երրորդ փաստը «Վրացական երազանք» դաշինքի անդամ Գուբազ Սանիկիձեի եւ Շեւարդնաձեի օրոք անվտանգության նախարար եղած Վալերի Խաբուրձանիայի հանդիպումն է, որի ընթացքում Սանիկիձեն Խաբուրձանիային խնդրում է բանտից ազատել «օրենքով գողին» եւ դրա դիմաց դրամական օգնություն առաջարկում», - նշվում է հաղորդագրությունում:











