Ամերիկացի աճպարար Դեւիդ Բլեյնը ավարտել է եռօրյա մահացու հնարքը, որի ժամանակ նրա մարմինը 72 ժամ անընդմեջ գտնվել է մեկ միլիոն վոլտ լարման տակ:
Նյու Յորքում ցուցադրված շոուն մամուլում ստացել է կատակային «Պատառաքաղը միկրովառարանում» անվանումը: Աճպարարը 72 ժամ կանգնել է Տեսլայի 7 կոճերի Էլեկտրական հարվածների տակ: Որպես պաշտպանական միջոց, Բլեյնը օգտագործել է 10 կգ-ոց չժանգոտող երկաթից օղազրահ, ականջակալներ եւ պաշտպանիչ գլխարկ: Համարի ընթացքում աճպարարը ջուր է խմել, սակայն ուտելիքից նա ստիպված է եղել հրաժարվել: Հատուկ մարդիկ երեք օր հետեւել են, որպեսզի Բլեյնը ձեռք չտա դեմքին, քանի որ աճպարարը կարող էր հրդեհել ինքն իրեն:
Հնարքը ավարտվել է հոկտեմբերի 8-ին հարյուրավոր հանդիսատեսի ներկայությամբ: Բլեյնին դիմավորել են հարսնացուն եւ երեխան: Հնարքից հետո Բլեյնը կարողացել է շարժվել միայն կողմնակի օգնությամբ, այնպես որ համբուրելով հարսնացուին, նրան տեղափոխել են հիվանդանոց: Բլեյնը հայտնել է, որ սա դիմացկունության վերջին հնարքն է իր գործունեության մեջ:











