ՀՀ կառավարության աղետի գոտում բնակբաշխման կարգը սահմանող որոշման համաձայն, անօթեւան ընտանիքներից բնակարաններ ստանալու նպատակով, փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը լրացել է դեռեւս 2011 թ. նոյեմբերի 1-ին:
«Շիրակ կենտրոնի» փոխանցմամբ, սահմանված ժամկետում Գյումրու անօթեւանների հերթացուցակում հաշվառված 389 ընտանիքներ բնակբաշխման հանձնաժողովին փաստաթղթեր չեն ներկայացրել:
24 տարի վագոն-տնակներում մի կերպ պատսպարված անօթեւան ընտանիքների կողմից փաստաթղթեր չներկայացնելու հիմնական պատճառներից մեկն էլ ընտանիքների ներսում` նոր բնակարանի ապագա պատկանելիության շուրջ առկա տարաձայնություններն են, որն էլ մի շարք ընտանիքներում անզիջում հակամարտության է վերածվել: Նրանց մի մասը, որպես կանոն հրաժարվում է տրամադրել անձնական փաստաթղթերը, ինչի պատճառով հնարավոր չի լինում ամբողջացնել պահանջվող փաստաթղթերի փաթեթը եւ ներկայացնել բնակբաշխման հանձնաժողովին: Խնդիրը նրանում է, որ երկրաշարժից անցած 23 տարիների ընթացքում թեեւ շատ անօթեւան ընտանիքների ներսում ձեւավորվել են մեկից մինչեւ մի քանի նոր ընտանիքներ, որոնք սակայն, գործող կարգի համաձայն, միասին են ստանալու մեկ բնակարան` բաղկացած այնքան սենյակներից, որքան նախկին մեկ ամբողջական ընտանիքը կորցրել է երկրաշարժի հետեւանքով:
Գյումրու կենտրոնական հատվածում` դրամատիկական թատրոնի հարեւանությամբ գտնվող տնակային ավանում, վաղուց շարքից դուրս եկած, կիսախարխուլ եւ անձրեւաջրերով մշտապես ողողվող տնակում, միայնակ բնակվող Կատուշ Չախոյանը եւս չի կարողացել ամբողջովին համալրել 6 անձից բաղկացած ընտանիքի բոլոր անդամների փաստաթղթերը: Նրա` նույն 3 սենյականոց բնակարանին հավակնորդ եղբոր ընտանիքի անդամները հրաժարվել են տրամադրել իրենց փաստաթղթերը, ինչի պատճառով էլ զրկվել են բնակարանային փոխհատուցման իրավունքից:











