Ագարակը այն գյուղերից չէ, որոնք գտնվում են երկրի խորքերում: Մայրաքաղաքից այն գտնվում է 25 կմ հեռավորության վրա, իսկ Արագածոտնի վարչական կենտրոնից` Աշատարակ քաղաքից` ընդամենը 7 կմ հեռավորության վրա: Ժամանակակից Ագարակի պատմությունը համեմատաբար երիտասարդ է: Այն հիմնադրվել է 1919 թ-ին` Վանի եւ Բիթլիսի (այժմյան Թուրքիա) փախստականների կողմից, ովքեր փրկվել են հայկական ջարդերի ժամանակ:
Ագարակը գտնվում է Արագած լեռան լանջին: Գյուղի միջով է անցնում Քասախի վտակը` Ամբերդ գետակը: Գյուղի տարածքում է գտնվում կիսավեր Աստվածածին եկեղեցին, որը թվագրվում է մ.թ. IV-V դարերով: 2008 թ-ին այստեղ կառուցել են Աստվածածին ժամատունը, իսկ երկու տարի անց նրան կցել են զանգակատունը: Մարդն այստեղ բնակվել է դեռեւս հնագույն ժամանակներից, գյուղից ոչ հեռու հայտնաբերվել է վաղ բրոնզի դարաշրջանի բնակավայր: Այս վայրում երկու տարի առաջ հնագիտական պեղումներ են իրականացվել:

Գյուղում մոտավորապես 680 տնտեսություն կա: Սակայն շատերն օգտագործվում են որպես ամառանոցներ: Դրանց սեփականատերերը ինչպես ներկայումս Երեւանում եւ Աշտարակում բնակվող ագարակցիներն են, այնպես էլ սիրահայեր ու իրանահայեր: Այսպիսով, կարելի է համարել մոտ հինգ հարյուր տնտեսություն, որը մենք հետո կօգտագործենք այլ ցուցանիշների հետ համեմատելու համար:

Գյուղացիները ներկայումս զբաղված են այգեգործությամբ, ինչպես նաեւ ելակ են աճեցնում եւ իրացնում մայրաքաղաքում: Սակայն դա առանձնապես եկամուտ չի բերում, եթե դատենք ագարակցիների բարեկեցության մակարդակից:
Անասնապահությունն էլ լճացման վիճակում է: Գյուղում միայն 450 գլուխ խոշոր եղջրավոր անասուն կա, պատճառը կերի դեֆիցիտն է, ինչը բնորոշ է հանրապետության մի շարք բնակավայրերի համար:

Մշակվող հողատարածքների ծավալը եւս մեծ չէ` մեկ ֆերմերին միջին մոտ 3 հազ. քմ: Այս անմխիթարը փաստը նաեւ անհաջող կազմակերպված սեփականաշնորհման արդյունք է: Գյուղապետարանի ներկայացուցիչների խոսքով` հողը տվել են գյուղում գրանցված բոլոր անձանց` անկախ նրանից, բնակվում են նրանք այնտեղ, թե ոչ:
Արդյունքում գյուղատնտեսական հողերի մի մասը փաստորեն չի մշակվում եւ լքված վիճակում է: Համաձայն գործող օրենսդրության, եթե գյուղնշանակության հողը երեք տարի չի օգտագործվում, եւ նրանից հարկ չի վճարվում, այն կարող է վերցվել սեփականատիրոջից:

Սակայն տեղական իշխանությունները, որոնք հրաշալի գիտեն, թե որ տարածքներն արդեն երկար տարիներ չեն մշակվում, մատների արանքով են նայում դրան: Ոչ ոք չի ցանկանում հարաբերությունները փչացնել գոյուղացիների հետ: Նման «մարդասիրական» մոտեցումը, կարելի է ենթադրել, որ հանրապետության շատ գյուղերի է բնորոշ:
Ագարակցիների խոսքով` մշակելի 150 հա տարածքից չի մշակվում ... 110 հեկտարը: Դրան սակայն դժվար է հավատալ, ստացվում է, որ մշակվում է մոտ 27%-ը... Նման տեղեկությունից հետո կամա-ակամա սկզում ես կասկածել գյուղնախարարության տվյալներին...

Ինչեւէ, նաեւ մշակվող հողատարածքներն են ոչ ռացիոնալ օգտագործվում, նշանակալի մասի վրա` 30-35 հա, հացահատիկ է ցանվում: Սա ստիպողական քայլ է, քանի որ ապրանքային հացը գյուղացիների համար «թանկ» է, եւ նրանք ստիպված հաց են թխում սեփական ալյուրից: Սակայն հողի մշակումից ֆերմերին ոչինչ չի մնում` 60 հազ. դրամ տրվում է տրակտորիստին` սերմը ցանելու համար, ոռոգումը նստում է մոտ 65 հազ. դրամ: Մյուս հարցն էլ վերաբերում է մասնագետների` գյուղատնտեսների եւ անասնաբույժերի բացակայությանը:

Գյուղացիների պատմածներից օրինաչափ հարց է առաջանում` այդ ինչ «եկամուտներով» են Ագարակի բնակիչները ապրում: Պարզվում է, ոմանք աշխատում են մոտակա քարի հանքում, մյուս ընտանիքները տրանսֆերտներ են ստանում Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած հարազատներից: Նրանցից ոմանք նախընտրում են ընտանքիներին տանել այնտեղ:

Կրկին դժվար է հավատալ, սակայն մեր զրուցակիցները հավաստիացնում էին, որ գյուղացիների կեսը պատրաստ են լքել գյուղը, պարզապես դրա համար միջոցներ չունեն: Նրանց իսկ խոսքով, ֆերմերների 80%-ը չեն կարողանում վերադարձնել բանկերի վարկերը: Ճիշտ է, դեռ գործը տների առգրավմանը չի հասել, սակայն դատական կատարածուներն արդեն հասցրել են հարկադիր եղանակով պարտապաններից բռնագրավել այլ գույք` կահույք, հեռուստացույց եւ այլ իրեր...

Մյուս խնդիրը կապված է հնագիտական պեղումների հետ: Բնակիչների խոսքով` հնավայրի տարածքը` մոտ 70 հա (!), առագրավել են ֆերմերներից` փոխարենը հատկացնելով պահուստային ֆոնդերից վատորակ հողեր: Ագարակցիներին նաեւ զարմացնում է այն, որ այդ վայրում հնագիտական աշխատանքներ արդեն երկու տարի չեն իրականացվում:

Սակայն առանձնապես չենք խտացնի գույները, հատկապես որ հարեւանությամբ նաեւ դրական օրինակներ կան: Նույն ագարակցիների խոսքով` հարեւան Ոսկեվազ գյուղը պարզապես «բարգավաճում է»: Այնտեղ հողի որակը բարձր է, ոռոգման հետ էլ կարծես խնդիրներ չունեն: Եւ նրանք ակտիվորեն զբաղվում են ելակագործությամբ` բերքը հանելով մայրաքաղաքի շուկա:

Մայրաքաղաքից մասնագետները նաեւ Ագարակ են այցելել` խոսելով աշխատանքի կոոպերացիայի առավելությունների մասին: Ավելի հստակ` գործընկերության ստեղծման նպատակ է դրվում, որը կոլեկտիվ կերպով կօգտագործի արոտավայրերը:

Եթե գյուղացիները նման կոոպերատիվներ ստեղծեն, պետությունը նրա անդամներին տարբեր արտոնություններ կտրամադրի` մատչելի գնով գյուղտեխնիկա, պարարտանյութ, թունաքիմիկատներ, իրենց արտադրանքի նկատմամբ ԱԱՀ-ից ազատում:
Իհարկե, գյուղացիները իրենք էլ կարող են նման կոոպերատիվներ ստեղծել` չսպասելով «վերեւից» հրահանգների: Սակայն դրան խոչընդոտում է ձեռներեցության նկատմամբ իներտությունը, կոլեկտիվ նախաձեռնության բացակայությունը...
Ալբերտ Խաչատրյան











