Այսօր լրանում է ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդու սպանության 49-րդ տարելիցը, որն ամերիկյան պատմության գլխավոր հանելուկներից է: Տարելիցի օրը պատահաբար գտնվել  է 1963թ. նոյեմբերի 22-ի ճակատագրական օրվա դեպքերը վերարտադրող տեսագրությունը, գրում է  NEWSru.com-ը:

Գունավոր միակ տեսագրությունը գտնվել է տեխասցի ամուսնական զույգի խոհանոցային պահարանում:

Ջեն եւ Բոբի Լեմոնսները Դալաս էին տեղափոխվել 1964թ.: Քենեդու սպանության վայրի մոտով անցնելիս տեսել են, թե Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցներն ինչպես են վերարտադրում սպանության պահը: Բոբի Լեմոնսն առանց մտածելու  սկսել է տեսախցիկով նկարահանել, հաղորդում է KTAB News հեռուստաալիքը:

Ժապավենը Լեմոնսների ընտանիքում մնացել է 49 տարի, մինչեւ որ նրանց ծանոթը՝ դպրոցի տնօրեն Մարկ Մերելը, պատմել է Քենեդու սպանությանը նվիրված նախագծի մասին, որի վրա աշխատում է իր աշակերտուհիներից մեկը: Միայն Մերելի հետ զրույցից հետո են ամուսինները հիշել տեսագրության մասին եւ հասկացել, թե որքան արժեքավոր է այն, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Տեսագրությունը փոխանցվել է Դալասի Sixth Floor թանգարանին: Թանգարանը գտնվում է հենց նույն շենքում, որի պատուհանից, ըստ պաշտոնական վարկածի, Լի Հարվի Օսվալդը 1963 թ. նոյեմբերի 22-ին կրակել էր Ջոն Քենեդուն: