Ամբողջ աշխարհից հազարավոր քրիստոնյաներ եկել են Բեթղեհեմ` սուրբծննդյան տոնակատարություններին մասնակցելու համար: Հավատացյալների համար հիմնական իրադարձությունը պատարագն էր Սուրբ ծննդյան եկեղեցում, որը կառուցվել է 1700 տարի առաջ, եւ որտեղ, ըստ եկեղեցական ավանդության, ծնվել է Հիսուս Քրիստոսը:
Ժամերգության ընթացքում Երուսաղեմի պատրիարքը հայտարարել է, որ այս տարի Սուրբ ծնունդը «կդառնա մեր Տիրոջ` Քրիստոսի ծննդյան եւ Պաղեստին պետության ծննդյան տոնակատարություն»:
Երկուշաբթի օրվա ավարտին Հորդանանում ծնված պատրիարքը գլխավորել է խորհրդանշական երթը, որն անցել է Երուսաղեմի Հին քաղաքից մինչեւ Բեթղեհեմ:
Սուրբծննդյան գլխավոր պատարագը քրիստոնյա կաթոլիկների համար տեղի է ունեցել Վատիկանում` Սուրբ Պետրոսի տաճարում: Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը քրիստոնյաներին կոչ է արել «ժամանակ եւ տեղ գտնել Աստծո համար իրենց առօրյա կյանքում», հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պապն աղոթել է, որպեսզի իսրայելցիները եւ պաղեստինցիները խաղաղ ապրեն, ինչպես նաեւ Լիբանանի, Սիրիայի եւ Իրաքի խաղաղության համար:
Այս անգամ սուրբծննդյան պատարագը կատարվել է կեսգիշերից երկու ժամ առաջ, քանի որ Բենեդիկտոս XVI-ն արդեն 85 տարեկան է, եւ ուշ ժամին արթուն մնալը կարող է հոգնեցուցիչ լինել նրա համար:
Դեկտեմբերի 25-ին կաթոլիկները, լյութերականները եւ մյուս բողոքական հավատացյալները նշում են Սուրբ ծնունդը:
Այն շարունակվում է ութ օր` դեկտեմբերի 25-ից մինչեւ հունվարի 1-ը, որը խորհրդանշում է Սուրբ ծննդի օկտավան: Սուրբծննդյան ժամերգոթյունները երեք անգամ են տեղի ունենում` կեսգիշերին, արեւածագին եւ ցերեկը, որը խորհրդանշում է Քրիստոսի ծնունդը Հայր Աստծո գրկում, Աստվածամոր արգանդում եւ յուրաքանչյուր քրիստոնյայի հոգում:
Սուրբ ծննդի տոնակատարությունների օրերին սովորույթ կա կիսելու «սուրբծննդյան հացը»: Տոնի մյուս բնորոշ հատկանիշներից է տոնածառը: Այդ հեթանոսական ավանդույթն առաջացել է գերմանական ցեղերի մոտ, որոնց հավատալիքներում եղեւնին կյանքի եւ առատության խորհրդանիշն էր: Կենտրոնական եւ Հյուսիսային Եվրոպայի երկրների ժողովուրդների մոտ զարդարված եղեւնին այլ խորհրդանիշ ունի. այն տներում դեկտեմբերի 24-ից զարդարում են` որպես դրախտային ծառ` առատ պտուղներով:











