Վանաձոր քաղաքի կենտրոնում երեկվանից իրականացվում է կուտակված ձյան հեռացման աշխատանքներ: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, երեկ՝ հունվարի 14-ին, շուրջ 4 տեխնիկա է աշխատել Վանաձորի Հայքի հրապարակում: Մեծ բեռնատարները հրապարակում կուտակված ձյունը հավաքել տարել են, մեկ տեխնիկա էլ աշխատել է մայթերը ձյունից հեռացնելու ուղղությամբ:

Այս ամենն առաջացրել է վանաձորցիների զարույթը: «Ամսի 8-ին ձյունը եկավ, 14-ին նոր որոշեցին, որ պետք է մայթերը մաքրեն, էսպես չի կարելի, լավ էր գոնե եղանակները բացվեցին, ձյունն ու սառույցը քիչ թե շատ հալեցին»,-դժգոհել են վանաձորցիները՝ նշելով, որ համայնքի ղեկավարության համար Վանաձորը շարունակում է դիտվել միայն հայքի հրապարակը: «Դա երեւի ուզում են մարզպետին ու քաղաքապետին ցույց տան, որ աշխատում են»:

Ի դեպ, երեկ կայացած քաղաքապետարանի բաժինների պետերի ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ ձնահեռացման աշխատանքներին է անդրադարձել նաև քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Մեզ հասած տեղեկություններով՝ քաղաքապետը կոշտ քննադատության է ենթարկել կոմունալ բաժնի պետին, պահանջելով անհապաղ վերացնել առաջացած խնդիրները:

Ձնամաքրման ու հեռացման աշխատանքներին ներկա է եղել նաեւ NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ով մի քանի հարց է ուղղել աշխատանքները ղեկավարող քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանին: Ըստ նրա՝ բյուջեից հատկացվել է  5 մլն դրամ, ձնահեռացման աշխատանքների համար դուրս է բերվել շուրջ 10 միավոր տեխնիկա: Թղթակցի եւ Մելիքյանի զրույցը՝ տեսանյութում:

 

Լուսանկարները և տեսանյութը՝ Էդվարդ Արզումանյանի/NEWS.am