Լատվիայի բնակիչները փետրվարի 20-ի լույս 21-ի գիշերը երկնային անսովոր երեւույթի ականատես են դարձել: Ականատեսները պատմել են, որ Ռիգայի ծովածոցն ընկնող տարօրինակ օբյեկտ են նկատել, որը սուրացել է հսկայական արագությամբ՝ կապույտ բոցով եւ ուժեղ աղմուկով:

 «Մենք երեք վկա ունենք, դժվար է պարզել դրա մեծությունը, բայց դատելով պայծառությունից՝ բավական մեծ էր», - լատվիական Baltkom ռադիոկայանին պատմել է Երկնաքարերի լատվիական կենտրոնի ներկայացուցիչ Անդրիս Բիեզնիսը:

Երկնաքարը տեսել են նաեւ Ֆինլանդիայում. Դրա թռիչքը արձանագրել են համալսարանական աստղադիտարանի տեսախցիկների օբյեկտիվները, հայտնում է rbc-ն:

«Մոսկովսկի կոմսոմոլեցը» նշում է, որ Երկնաքարերի լատվիական կենտրոնը  պաշտոնական աստղագիտական «կառույց» չէ, այլ  կամավորների կայք, որոնք տվյալներ են հավաքում Լատվիայում հայտնված երկնաքարերի մասին:

Ցանցում հայտնվել է նաեւ Ռիգայի երկնաքարի տեսագրությունը, սակայն այդ կադրերի իսկությունը ճշտելը դժվար է:

Աստղագիտական ինստիտուտի գիտխորհրդի նախագահ Իլգոնիս Վիլքսը «ՄԿ»-ին հայտնել է, որ ֆիննական աստղադիտարանի տեսախցիկն իրոք ինչ-որ մարմին է արձանագրել, բայց անկումը ոչ ոք չի տեսել: «Չի բացառվում, որ դա իրոք երկնաքար է: Երկինքն այդ գիշեր պարզկա էր, եւ հնարավոր էր դիտել տիեզերական մարմինների թռիչքները»: