Սիրողական մարզիկը տեսախցիկով ձայնագրել է, թե ինչպես է 17-ամյա երիտասարդն ընկել ճոպանուղուց եւ ողջ մնացել:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել փետրվարի սկզբին` Նյու Մեքսիկո նահանգի Սանտա Ֆե հանգստավայրում: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է երիտասարդը որոշ ժամանակ փորձում մնալ ճոպանուղուց կառչած, սակայն ընկում է 14 մ բարձրությունից եւ գլորվում ձնեպատ լանջով: Հաղորդվում է, որ նա ստացել է ուղեղի ցնցում, գանգի կոտրվածք, թոքերի կոլապս, իսկ լյարդը պատռվել է, հայտնում է Fox News-ը:
Ըստ տեղական Santafenewmexican.com կայքի` տուժած Յակոբ Գուտիերեսը որոշել էր ձնագնդիով հարվածել ճոպանուղու իր դիմացի նստատեղին գտնվող ընկերոջը: Սակայն նա սահել է եւ մի պահ կախված մնացել, գրում է NEWSru.com-ը:
Գուտիերեսը պատմել է, որ փորձել է որքան հնարավոր է երկար մնալ, սակայն վերջիվերջո ուժերը չեն բավականացրել: Փրկարարները բավական արագ ժամանել են դեպքի վայր եւ նրան ուղղաթիռով տեղափոխել Ալբուկերկեի հիվանդանոց:











