Եվրոպայի հարավում աղետ է տիրում. ջրի տակ են հայտնվել Հունաստանի մայրաքաղաք Աթենքի շրջանները, իսկ ամենադաժան հետեւանքները եղել են սիցիլիական Կատանիա քաղաքում, որը հազիվ է փրկվել ջրի տակ անցնելուց։

Ինչպես հաղորդում է Euronews-ը, Կատանիայում ջուրը կայանատեղիներից քշել-տարել է ավտոմեքենաները՝ անմիջապես տներին մոտենալով։ Վախեցած իտալացիները ստիպված են եղել տանիքներին բարձրանալ։ Մարդիկ ասում են, որ տարերքը նրանց հանկարծակիի է բերել եւ եղանակի ծառայություններին մեղադրում են, որ նման չափերի հեղեղների մասին նրանց չեն զգուշարել։

Նմանատիպ իրավիճակ է նաեւ Աթենքում, որտեղ ուժեղ անձրեւներ են եկել։ Քաղաքային իշխանութունները փակել են հիմնական ճանապարհները, մայրաքաղաքային մետրոյի կենտրոնական կայարանը, ինչպես նաեւ ստորգետնյա կայանատեղիները։ Փողոցում մնացած բազմաթիվ ավտոմեքենաներ քշել է ջրի հոսանքը։ Միայն ուրբաթ օրը հրշեջներն Աթենքի բնակիչներից ստացել են 700-ից ավելի զանգ՝ ջուրը հեռացնելու խնդրանքով։

Աղետի միակ զոհն առայժմ Աթենքի մի բնակչուհի է, որին ջուրն ու հարեւան մեքենաներն արգելափակել են մեքենայի ներսում։ Նա մահացել է սրտի նոպայից։