Հունգարիայի խորհրդարանը բացարձակ մեծամասնությամբ ընդունել է երկրի սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները, որոնք ավելի վաղ դժգոհություն էին հարուցել ԵՄ-ում, ԱՄՆ-ում եւ տեղի ընդդիմությունում: Ըստ նրանց՝ դրանք հակասում են պետության ժողովրդավարական հիմքերին:
Փոփոխություններով ուժի մեջ կմտնեն մի շարք դրույթներ, որոնք ընդլայնում են կառավարության լիազորությունները: Նոր կանոնների համաձայն՝ սահմանադրական դատարանը օրենքները կարող է վիճարկել միայն ընթացակարգային հիմքով, բայց ոչ ըստ էության, հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Էխո Մոսկվի»-ն հայտնում է, որ փոփոխությունները սահմանափակում են նաեւ ուսանողների իրավունքները: Հանցագործություն կհամարվի թափառաշրջությունը, բանտային կալանք է սպառնում անտուն մարդկանց: Նույնասեռ եւ քաղաքացիական ամուսնությունները կհամարվեն ապօրինի, թեեւ դրանց համար արգելք չի սահմանվել:
«Կոմսոմոլսկայա պրավդա»-ն հայտնում է, որ գիշերը Բուդապեշտում սահմանադրական փոփոխությունների դեմ բողոքի ցույցեր են անցկացվել: Կազմակերպիչները կարծում են, որ փոփոխությունները վարչապետ Օրբանի՝ իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելու հերթական փորձն է:











