Հնդկաստանի Կերալա նահանգի իշխանությունները գրավի դիմաց բաց են թողել փառատոնի ժամանակ ավերածություններ գործած երեքմետրանոց հսկային: Ռաման անունով հնդկական փիղը երկրում առաջին կենդանին է, որին երեք մարդու սպանության մեղադրանք է առաջադրվել:
Կերալա նահանգում 2013թ. հունվարի 27-ին կրոնական փառատոնի ժամանակ փիղն ավերածություններ է գործել, ինչի հետեւանքով երեք կին է զոհվել: Ռամանի վարքի պատասխանատվությունը դրվել է նրա տերերի՝ Փերումբավուրի քաղաքապետարանի տաճարների կառավարման կոմիտեի վրա: Ողբերգության մեղավորին կալանավորել են:
Հերթական նիստի ժամանակ դատարանը համաձայնել է մարդասպան փղին ազատ արձակել 42 500 եվրո տուգանքի դիմաց եւ կոմիտեի երկու աշխատակիցների երաշխավորությամբ, հայտնում է Life News-ը:
Ռամանին արգելվել էր հետագա երեք ամիսներին մասնակցել հրապարակային միջոցառումներին: Կենդանուն բուժզննում են նշանակել, որի արդյունքներից հետո իշխանությունները կվճռեն նրա հետագա ճակատագիրը:











