Եթե Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսի տեսակետը դառնա ԵԺԿ ընդհանուր դիրքորոշում, «Ժառանգությունը» կվերանայի իր անդամակցությունն այդ կազմակերպությանը: Այս մասին այսօր` մարտի 18-ին,  Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Մարտենսի պահվածքին` նա նշեց, որ «եթե իր պահվածքը Եվրոպա է, ուրեմն այդ Եվրոպան մեզ պետք չէ»: «Եթե Մարտենսի տեսակետը դառնա համագումարի տեսակետ, այդ ժամանակ «Ժառանգությունը» լրջորեն կվերանայի իր անդամակցությունը այդ համաեվրոպական կառույցին` համարելով որ Եվրոպան իրեն հավատարիմ չէ, եւ Հայաստանը այդ ջրի մեջ չի ընկնելու:Որպես անդամ կուսակցություն կպահանջենք նաեւ Մարտենսի հրաժարականը»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Վիլֆրիդ Մարտենսի եւ Սերժ Սարգսյանի միջեւ  հանդիպումից առաջ «Ժառանգություն»-ը բաց նամակ էր հասցեագրել Եվրոպայի ամենամեծ եւ ազդեցիկ կուսակցության ղեկավարին` ընդգծելով, թե «իրականում, նախագահական ընտրությունների արդյունքները զանգվածաբար կեղծվել են, Սերժ Սարգսյանը փորձել է գողանալ հաղթանակը՝ քվեատուփերի լցոնման, քվեաթերթիկների գողության եւ բազմակի քվեարկությունների միջոցով»։ Ավելին, «Ժառանգություն»-ը սպառնացել էր, թե կվերանայի իր անդամակցությունը ԵԺԿ-ին, եթե Սերժ Սարգսյանի վերընտրության վերաբերյալ Մարտենսի դիրքորոշումը դառնա ողջ կուսակցության պաշտոնական տեսակետը։Ի պատասխան` ԵԺԿ-ի նախագահը անհիմն է որակել եվրոպական այս ընտանիքի անդամ «Ժառանգության» կողմից իրեն ուղղված մեղադրանքները։ «Միգուցե Սերժ Սարգսյանի մրցակիցը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է քվեների ոչ թե իր ակնկալած 20 տոկոսը, այլ շատ ավելին՝ 37 տոկոս, եւ գուցե հիմա նա պատրանքներ ունի, թե կարող էր ստանալ մեծամասնությունը, սակայն սրանք իրական փաստեր չեն։ Իրականությունն այն է, որ ընտրությունների առաջին փուլում ձայների մեծամասնությունը ստացել է գործող նախագահը», - ասել է Վիլֆրիդ Մարտենսը։ 

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am