Երկար օրերի արգելափակումից հետո Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստը կրկին սկսվել է ծեծկռտուքով: Նիստն սկսվել է Ռեգիոնների կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ալեքսանդր Եֆրեմովի ելույթով, ով հանդես է եկել ռուսերենով: Նրա ելույթն ուղեկցվել է ընդդիմադիրների` «Խոսիր ուկրաիներեն» եւ «Գանբա» բացականչություններով:
Ինչպես հայտնել է LB.ua-ն, Եֆրեմովի ելույթից հետո խոսք է վերցրել ընդդիմադիր «Սվոբոդա» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը, ով Ռեգիոնների կուսակցության պատգամավորի գործողություններն անվանել է սադրիչ: Եֆրեմովի կողմնակիցները Տյագնիբոկի ելույթը դիմավորել են սուլոցներով: Իրենց հերթին «Սվոբոդա»-ի պատգամավորները շրջապատել են Ռադայի ամբիոնը:
Իշխող Ռեգիոնների կուսակցության անդամներն ու կոմունիստները կռվի մեջ են մտել «սվոբոդցիների» հետ, որից հետո խոսնակ Վլադիմիր Ռիբակը 30 րոպեանոց ընդմիջում է հայտարարել:
Ինչպես հայտնել են «Ուկրաինական նորություններ»-ը` ծեծկռտուքը տեւել է մոտ մեկ րոպե, որի ընթացքում մի քան պատգամավորներ բարձրացել են սեղանների վրա: Ընդհարման ժամանակ վնասվել է «Սվոբոդա»-ի ներկայացուցչուհի Իրինա Սեխի շուրթը: Ներկա պահին «Սվոբոդա»-ի եւ «Բատկիվշչինա»-ի պատգամավորները շարունակում են շրջափակման մեջ պահել ամբիոնը:











