Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին եւ բոլոր թեկնածուներին Տարոն Մարգարյանը մրցակից է համարում: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, Կոմիտասի անվան պանթեոն արցելությունից հետո մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Ընտրությունները հուշում են, որ եթե թեկնածուներ են, բոլորն էլ համարվում են մրցակիցներ: Իմ համար ընտրությանը մասնակցող բոլոր թեկնածուները եւ բոլորը կուսակցությունները մրցակիցներ են»,- նշեց Երեւանի քաղաքապետը:
Հարցին, թե իրապես համարում եք, որ առաջին տե՞ղն եք զբաղեցնելու, նա պատասխանեց, որ դա ցույց կտան ընտրությունների արդյունքները: Տարոն Մարգարյանի խոսքով` իրենք 4 տարվա ընթացքում իրենց աշխատանքն են կատարել, քարոզարշավի ընթացքում էլ կներկայացնեն ծրագրերը, եւ երեւանցիները կորոշեն, թե ով կլինի առաջին տեղում:
Երեւանի ընտրությունների եւ քաղաքի խնդիրների վերաբերյալ այլ հարցերի պատասխաններ չհաջողվեց ստանալ, քանի որ զրույցին միջամտեց նախագահական նստավայրի առաջ նստող «ՀՀԿ-ական տատիկ» անունով հայտնի կինը: Նա գոռալով եկավ եւ ասաց, որ չի կարող երկար կանգնել, պետք է երկու բառ ասի եւ գնա: «Հողը թեթեւ լինի Անդրանիկ Մարգարյանի վրա, որ հայոց աշխարհին տվել է երկրային հրեշտակով մի զավակ, եւ բոլոր քաղաքը միահամառու պետք է ընտրի Տարոն Մարգարյանին»,- բղավելով ասաց տատիկը: Տատիկի այցից հետո Տարոն Մարգարյանը հեռացավ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











