ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգում հզոր տորնադոն սպանել է 20 երեխայի: Ավերիչ տարերային աղետի զոհ է դարձել 51 մարդ, 140-ը վիրավորվել են, որոնցից 70-ը երեխաներ են:

Ըստ CBS հեռուստաալիքի` զոհերի մեջ կան չորսամյա երեխա եւ երեք ամսական նորածին: CNN-ը հայտնում է, որ զոհերի թվում են նաեւ Մուր քաղաքի տարրական դպրոցի յոթ աշակերտներ։ Տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած: Բնակավայրը մնացել է առանց էլեկտրականության եւ բջջային կապի: 

Օդերեւութաբանները նախապես զգուշացրել էին վատ եղանակի մասին: Սակայն նման ուժեղ հարված ոչ ոք չէր սպասում: Քամու արագությունը ժամում հասել է 320 կմ-ի: 

Փրկարարները տարածքը մաքրում են ավերակներից։ Իշխանությունները նրանց օգնության են ուղարկել շրջանային գվարդիայի մարտիկներին, հաղորդում է vesti.ru-ն:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման արդեն զրուցել է Օկլահոմայի նահանգապետի հետ: Նրանք քննարկել են, թե առաջին հերթին ինչ օգնություն է անհրաժեշտ տուժածներին: Մինչդեռ օդերեւութաբանները հայտնում են, որ ցիկլոնը նախկինի պես ակտիվ է, կարող են առաջանալ նոր տորնադոներ: