Google-ն այսօր՝ հունիսի 1-ին, միացել է Երեխաների միջազգային օրվա տոնակատարություններին: Տոնական Doodle-ում տղա եւ աղջիկ երեխաները փոխարինում են ավանդական լոգոտիպի «o» տառերին:

Երեխաների միջազգային օրը միջազգային ամենահին տոներից է: Այն անցկացնելու որոշումը կայացվել էր 1925թ. Ժնեւում՝ երեխաների բարօրությանը նվիրված համաշխարհային կոնֆերանսում:

Վարկածներից մեկի համաձայն՝ 1925թ. Սան Ֆրանցիսկոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսը չինացի որբ երեխաների համար Դուան-ու ցզե (Վիշապ-նավակների փառատոն) է կազմակերպել հունիսի 1-ին: Երջանիկ պատահականությամբ օրը համընկել է Ժնեւյան կոնֆերանսի հետ:

1949թ.՝ Երկրորդ աշխարհամարտից հետո, Փարիզում կայացավ կանանց կոնգրես, որի ժամանակ ամուր խաղաղության՝ որպես երեխաների երջանկության միակ գրավականի ապահովման համար անխոնջ պայքարի երդում հնչեց: Մեկ տարի անց՝ 1950թ. հունիսի 1-ին, անցկացվեց Երեխաների պաշտպանության առաջին միջազգային օրը՝ ստանալով ամենամյա բնույթ:

Տոնը Հայաստանում կոչվում է  Երեխաների պաշտպանության միջազգային օր: