Չեխիայում տեղի ունեցած ջրհեղեղի զոհ են դարձել արդեն 5 հոգի: Այդ մասին տեղեկացնում է դեպքի վայրից օնլայն ռեպորտաժ իրականացնող denik.cz լրատվական կայքը:

Իշխանությունների տվյալներով` վերջին հաստատված զոհը Մեչին քաղաքի բնակիչ 69-ամյա մի տղամարդ է: НТВ-ի տեղեկացմամբ` նա սայթաքել-ընկել է վարար գետը եւ մահացել:

Զոհերի թիվը կարող է ավելանալ. ոստիկանությունը շարունակում է 3 փրկարարների որոնողական աշխատանքները: Վերջիններս ուղարկվել էին  բնակչությանը օգնություն ցույց տալու եւ անհետացել էին: Երկրի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել, եւ տարերային աղետի դեմ պայքարելու նպատակով ոտքի են ելել նաեւ զինվորները:

Միաժամանակ ջրհեղեղի վտանգ է առաջացել նաեւ Սլովակիայում: Այնտեղ ջուրը սպառնում է հեղեղել Դանուբ գետը եւ նրա բազմաթիվ վտակները: