Գերմանիայի հարավում գտնվող Դանուբ գետի հեղեղումը ջրհեղեղի պատճառ է դարձել: Սա վերջին 500-ից ավելի տարիների ամենախոշոր ջրհեղեղն է: Վերջին անգամ Պասսաու քաղաքում ջրի մակարդակը 13 մետրի է հասել 1501թ: Միաժամանակ նշվում է, որ ջրի մակարդակը կարող է ավելի բարձրանալ:

Ինչպես հայտնում է Deutsche Welle-ը՝ քաղաքի մեծ մասը ջրի տակ է մնացել: Բնակչությունը մնացել է առանց էլեկտրաէներգիայի: Քաղաքացիները ստիպված են նավակներով զանգվածաբար լքել այդ տարածքները:

Տարերային աղետի դեմ պայքարելու նպատակով Գերմանիայի դաշնային կառավարությունը ստիպված է եղել մոբիլիզացնել զինվորական ստորաբաժանումները:

Տեղատարափ անձրեւները ջրհեղեղի պատճառ են դարձել նաեւ հարեւան երկրներում, մասնավորապես Չեխիայում: Հին քաղաքը հեղեղումից պաշտպանելու համար Պրահայում հրշեջները պատնեշներ են կառուցել: Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ տուժածների օգնություն ցուցաբերելու համար կօգտագործվեն համերաշխության ֆոնդի միջոցները: Ֆոնդը ստեղծվել է 11 տարի առաջ` կենտրոնական Եվրոպայում տեղի ունեցած խոշոր ջրհեղեղից հետո: Փոխհատուցման չափը դեռեւս չի նշվում: