Եվրոպայում աղետալի ջրհեղեղներն արդեն 12 մարդու կյանք են խլել, գրում է Euronews-ը։ Vesti.ru-ն հայտնում է 10 զոհերի մասին:
Գերմանիայում ջրհեղեղների դեմ շարունակում են պայքարել Սաքսոնիա-Անհալթում, Սաքսոնիայում, Թյուրինգիայում եւ Բավարիայում:
Էլբայում ջրի մակարդակի մշտական աճի պատճառով վտանգ է սպառնում նաեւ Բրադենբուրգին եւ Մեկլենբուրգին:
ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելն այցելել է Պասաու քաղաք, որտեղ վերջին հինգ դարերի ընթացքում խոշորագույն ջրհեղեղն է տեղի ունեցել: Նա խոստացել է աղետի զոհերին 50 միլիոն եվրո օգնություն տրամադրել:
Ավստրիայում ջրհեղեղների պատճառով հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները: Երկրի հարավ-արեւմուտքում դադարեցվել է գնացքների երթեւեկությունը: Ջրի հոսանքի ուժգնությանը կարող են չդիմանալ Վիեննայի մերձափնյա շրջանները:
Չի բացառվում, որ Դանուբում ջրի մակարդակը հունիսի 5-ին գերազանցի 2002թ. ցուցանիշը, երբ երկրում գրանցվել էր 100 տարվա ընթացքում ամենաուժեղ ջրհեղեղը: Շենքերի նկուղները եւ առաջին հարկերն արդեն ջրի տակ են, չի աշխատում հասարակական տրանսպորտը:
Հեղեղումները չեն շրջանցել նաեւ Լեհաստանն ու Շվեյցարիան։ Վտանգի տակ են նաեւ Հունգարիան եւ Սլովակիան։ Հորդառատ անձրեւների հետեւանքով Կիեւի որոշ շրջաններ ջրի տակ են հայտնվել։ Մասամբ ջրի տակ է անցել Բրովարսկոյ պողոտան։ Ականատեսների խոսքով՝ որոշ վայրերում ջրի մակարդակը հասել է մեկուկես մետրի։











