Եվրոպայում շարունակվում է 2002թ.-ից ի վեր տեղի ունեցած խոշորագույն ջրհեղեղը: Հեղեղված են Չեխիայի, Ավստրիայի, Լեհաստանի, Գերմանիայի եւ Սլովակիայի հսկայական տարածքներ:

Գերմանիայում վարարել է Էլբա գետը, Դրեզդենի պատմական շատ վայրեր ջրով են ծածկված: Մոտ հազար մարդու տարհանել են: Հաղորդվում է, որ ջրի մակարդակը բարձրանալու է: Ջրհեղեղներն ընդհանուր առմամբ Գերմանիայի հարավային եւ արեւելյան մի քանի շրջաններում են:

Չեխիայում մոտ 19 հազար մարդ է տարհանվել: Հունիսի 5-ին նախազգուշացվել էր, որ ջուրը կարող է ծածկել քիմիական գործարանը: 2002թ.-ին դրա շուրջ ջրային ամբարտակ էր կառուցվել, սակայն մտավախություն կա, որ այն չի դիմանա ջրի հոսանքին:

Ավստրիան էլ է տուժել: Երեկ հարյուրավոր հրշեջներ ու կամավորներ փորձում էին ջրի տակ անցնելուց փրկել Սլովակիային սահմանամերձ փոքր քաղաքներն ու ավանները: Դանուբի ջրի մակարդակը գերազանցել է 2002-ի ռեկորդը՝ հասնելով 10 մետրի: Շատերը հեռացել են տներից, գրում է NTD-ն:

Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ ջրհեղեղը կարող է հասնել Հունգարիա՝ անցնելով Գերմանիայի, Ավստրիայի եւ Չեխիայի միջով: